Այժմ Օբաման կարող է Բրայզային փոխարինել Բաքվում ԱՄՆ դեսպանի մի նոր թեկնածուով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 30, 2010 14:01

Անսպասելի մի դեպք պատահեց Մեթյու Բրայզային Բաքու մեկնելու ճանապարհին: Սպիտակ տան և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հավաստիանալով, որ նա է լինելու ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում, նա Վաշինգտոնի իր տունը վարձով էր տվել ու կապել ճամպրուկները` օդի մեջ արդեն զգալով նավթի ու գազի հոտը:

Բրայզան հուզմունքից կարծես թե մոռացել էր, որ Արցախյան հակամարտության գծով ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ իր անպատասխանատու հայտարարություններով ու գործունեությամբ հակադրվել էր Վաշինգտոնի իր որոշ գործընկերներին ու այլոց Կովկասում:

Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել, Վաշինգտոնում Բրայզան հանդգնաբար բոլորին ասում էր, որ ուզում է, ավելի շուտ պատրաստվում է դառնալ ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում: Նա անմիջապես խոչընդոտի բախվեց, երբ Ալիևը Սպիտակ տանը տեղեկացրեց, որ գոհ չէ թե` Օբամայի վարչակազմի` Կովկասում վարած քաղաքականությունից, թե` ինքնակոչ հրաշամանուկից:

Ադրբեջանը դժգոհ էր, քանի որ, նախ` Միացյալ Նահանգները և Բրայզան Թուրքիային դրդում էին բացել Հայաստանի հետ սահմանը` առանց Արցախյան հակամարտության մեջ որևէ առաջընթացի, երկրորդ` Կոնգրեսը ևս 10 մլն դոլար էր հատկացրել Արցախին, չնայած Բաքվի խիստ առարկություններին, և երրորդ` Հայաստանի նախագահը հրավիրվել էր Վաշինգտոնում կայացած 47 երկրների Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ Ալիևը` ոչ:

Բրայզան հակառակորդներ ուներ նաև Օբամայի վարչակազմում: Մի քանի ամիս Բրայզայի թեկնածության շուրջ Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում տեղի ունեցած ներքին վեճերից հետո, մայիսին Օբաման վերջապես նրա անունը ներկայացրեց Սենատին որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Կարճ ժամանակ անց Օբաման Բաքու գործուղեց կաբինետի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Ալիևին համոզելու և Բրայզայի առնչությամբ անհրաժեշտ հավաստիացումներ տալու համար:

Հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում որոշ սենատորներ սուր հարցեր ուղղեցին նրան` Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ աշխատած ժամանակ նրա հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ: Նրանք լուրջ խնդիրներ առաջ քաշեցին նաև շահերի հնարավոր բախման վերաբերյալ` կապված նրա կնոջ և նվերների հետ, որոնք հարսանիքի առիթով զույգը հավանաբար ստացել էր Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից: Սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը, Ռաս Ֆայնգոլդը, Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին և դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը բավարարված չէին Բրայզայի թերի և խուսափողական պատասխաններից, չնայած բազմաթիվ գրավոր հարցումներին: Դա ոչ մի լավ բան չէր խոստանում նրա դիվանագիտական փառասիրությանը, քանի որ հինգ սենատորներն էլ դեմոկրատներ են, որոնք սովորաբար սատարում են դեմոկրատ Նախագահի կողմից առաջարկված ցանկացած թեկնածուի:

Օգոստոսի սկզբին, սենատոր Բոքսերը` հիասթափված Բրայզայի անկատար պատասխաններից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրեց հետաձգել նրա թեկնածության քվեարկությունը: Վեցշաբաթյա հետաձգումից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հաստատեց Բրայզայի թեկնածությունը, սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին այլ բան չէր մնում անելու, քան «առկախում» դնել` կանխելու Սենատի լիագումար նիստին նրա թեկնածության վավերացումը: Լուրջ մտահոգություններ արտահայտելով այս վիճելի թեկնածուի արժանիքների առնչությամբ, երկու սենատորները դիմեցին կրկնակի «առկախում» դնելու հազվադեպ պրակտիկային` սառեցնելով նրա թեկնածության հաստատումն ամենաուշը մինչև հաջորդ տարվա հունվար, երբ նոր ընտրված Սենատը կսկսի իր նստաշրջանը: Հետագայում Օբաման պետք է որոշի կամ կրկին ներկայացնել Բրայզայի անունը կամ նոր թեկնածու առաջադրել:

Նախագահը մինչև հունվար «միջնստաշրջանային նշանակում» կատարելու հնարավորությունն ունի: Նա կարող է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման, երբ Սենատը գտնվում է արձակուրդում: Սակայն այս բացառիկ քայլը քիչ հավանականություն ունի, քանի որ երկու անպատեհություններ կան, նախ` այն կխոչընդոտի Բրայզայի դիվանագիտական պարտականությունների կատարմանը, որովհետև նա չի վայելի Միացյալ Նահանգների Սենատի վստահությունը, և երկրորդ` Նախագահի ու սենատորների միջև լուրջ հակադրություն կստեղծվի, քանի որ վերջինները կզրկվեն «խորհուրդ և հավանություն տալու» իրենց սահմանադրական լիազորությունից:

Օբամայի համար լավագույն տարբերակը Բրայզայի թերի թեկնածությունից հրաժարվելն ու ավելի հարմար թեկնածու առաջադրելն է, որը կարող է շուտով հաստատվել Սենատի կողմից: Նման քայլով կարագանա Ադրբեջան ԱՄՆ հաջորդ դեսպանի գործուղումը` 15-ամսյա բացակայությունից հետո: Իսկ հունվարին` Նախագահի կողմից Բրայզայի թեկնածության երկրորդ անգամ առաջադրումը կհետաձգի Ադրբեջանի դեսպանի նշանակումը ևս մի քանի ամսով:

Տեսնելով, որ իր հրաշամանուկը լուրջ դժվարությունների մեջ է, Wall Street Journal թերթը` նեոպահպանողականների և նավթի ու գազի լոբբիների պատվարը, Հանձնաժողովի քվեարկության նախօրեին մի չարամիտ խնբագրական հրապարակեց սենատոր Բոքսերի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դեմ` փորձելով վախեցնել Բրայզայի հակառակորդներին: Իսկ «առկախում» դնելուց հետո Washington Post թերթն ավելի նողկալի խմբագրական հրապարակեց ընդդեմ սենատորներ Բոքսերի ու Մենենդեսի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի:

Այս լկտի հարձակումները ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան. դրանք ակամա նպաստեցին բարձրացնելու Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայ համայնքի քաղաքական ազդեցությանը Վաշինգտոնում:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply