Բոլորը մի սանրի կտավ. Գերմանացի ռեժիսորի «Աբսուրդիստանը» համ էլ հայերի մասին է
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Քրիստինե Վարդանյան | July 14, 2009 18:50Թուրքիայի հարավում գտնվող Սիրթ գյուղի կանանց ու նրանց ամուսինների անհաշտության մասին գերմանացի ռեժիսոր Ֆայթ Հելմերը կարդացել էր թուրքական «Հուրիեթ» թերթում 2001թ.: Գրված էր, որ գյուղի տղամարդկանց ալարկոտության պատճառով, որոնք հրաժարվում էին ջրի խողովակները վերանորոգել, կանայք նրանց մոտ մեկ ամիս վտարել էին տանից: Այս պատմությունն էլ ծնունդ տվեց «Աբսուրդիստան» ֆիլմին, որն այս տարի մասնակցում է «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի «Եվրոպական համայնապատկեր» անվանակարգում:
«Ֆիլմի հիմքում իրական փաստեր են, ուղղակի պատմության որոշ դրվագներ աբսուրդի են հասցված,- պատմում է ռեժիսոը,- Ես եղել եմ «Սիրթ» գյուղում, բայց այն ֆիլմում ներկայացվածի պես չոր ու բուսազուրկ չէ, հարուստ է ծառերով ու բուսականությամբ»:
Ֆիլմում, ինչպես իրական պատմության մեջ, կանայք տանից վտարում են իրենց ամուսիններին այնքան ժամանակ, մինչև նրանք չվերանորոգեն ջրի ժանգոտած խողովակները: Գյուղում միակ խելացի մարդը երիտասարդ Մաքսիմիլիանն է, ով կրթություն է ստացել քաղաքում ու, ի տարբերություն իր ընկերների, վերադարձել գյուղ` սիրած աղջկա հետ ապրելու: Նա քաղաքից իր հետ բերել է ջրի ցնցուղներ, որ գյուղը «զարգացնի»: Սիրած աղջկա տատիկի գուշակության համաձայն` եթե մինչև կիսալուսին նա չվերանորոգի ջրի խողովակը, ու զույգերը չլողանան ջրի մեջ, երջանիկ չեն լինի: Երջանիկ ավարտով ֆիլմը նկարհանաված է Կուստուրիցայի իռոնիայի ազդեցությամբ, ուր հերոսները սավառնում են կենցաղային սարքերով, պատանեկան ռոմանտիկ սերն էլ իռոնիկ հակադրության մեջ է ավագների բարքերին:
Ֆիլմը նկարելուց առաջ Ֆայթ Հելմերը եղել է Հայաստանում` Գյումիրում, Երևանում, ԼՂՀ-ում, Սևանում, նաև Ադրբեջանում, Իտալիայում, Մարոկկոյում, Վրաստանում և Չեխիայում, որ ֆիլմի համար համապատասխան միջավայր գտնի:
«Սկզբում հուսահատության մեջ էի, չունեի այնքան գումար, որ դերասաններին բերեի ու հենց այդ թուրքական գյուղում նկարեի ֆիլմը,- հիշում է նա,- ինձ ծանոթներս նույնիսկ խորհուրդ էին տալիս գնալ Ադրբեջան և այնտեղ նկարել, քանի որ թուրքերի գյուղերի հետ նմանություն կա, և դա կարող էր հազար անգամ ավելի տպավորիչ դարձնել ֆիլմը»:
Ի վերջո, ֆիմը նկարահանում է ադրբեջանական մի գյուղում:
Ֆիլմի դերասաններն ադրբեջանցիներ են, կան նաև չեխեր, վրացիներ, պորտուգալացիներ, իսպանացիներ, գերմանացիներ, բուլղարացիներ, ֆրանսիացիներ, լատվիացիներ, սերբեր, բելոռուսներ: Ֆիլմի վրա աշխատանքը տևել է 4 տարի:
Ռեժիսորն ասում է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացրեց այս ֆիլմը` հաշվի առնելով հայերի ստեղծագործական մտածողությունը.«Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ինձ համար ողբերգություն է Հարավային կովկասում տեսնել միմյանցից խռով երկրներ, քանի որ մեկը մյուսի հետ մշակութային հարմոնիայի մեջ են»:
Երեք մրցանակների արժանացած «Աբսուրդիստանը» չի մտնում «Ոսկե Ծիրանի» մրցութային ֆիլմերի մեջ:
Ֆիլմից էլ երևում է, որ ռեժիսորի արևմտյան դիտանկյունը հետսովետական հարավի ժողովուրդների տարբերությունները չի նկատում, և նա կարծում է, թե մի գյուղի մասին ֆիլմը ընդանրացնում է ամբողջ հարավը: Երեկ Ֆիլմի ցուցադրումից առաջ նա ասաց, որ այս ֆիլմը կարող է վերաբերել այս տարածաշրջանի տարբեր երկրների:
Արևմտյան այդ հայացքի կրողն է նաև Տիգրան Խզմալյանը, ով ափսոսանք հայտնեց, որ ֆիլմը Հայաստանում չի նկարվել ու դրանով ցույց տվեց, որ իր աչքում էլ հարթվում են հարավկովկասյան ժողովուրդների տարբերությունները:
Նա ասաց նաև, որ Հեմերը ֆիլմ էր նկարել մի կղզու մասին, որն անցել է օվկիանոսի հատակը և Աստված չանի, որ այս ֆիլմից հետո Ադրբեջանին մի բան պատահի:
Հելմերն ասում է, որ իր համար շատ կարևոր էր ֆիլմի ավարտին ջուրը դեպի գյուղ վերադարձնելը, քանի որ այն ոչ միայն համերաշխություն ու հավատ է բերում, այլև նոր կյանքի ու նոր կառուցվող ընտանիքի խորհրդանիշն է:
Ռեժիսորը հավանել է նաև Հայաստանի ջուրը.«Ինձ ասել են, որ այստեղի ջուրն առողջարար է, ամեն անգամ այն խմելուց ես ուղղակի մեծ բավականություն եմ ստանում»:
Նա իր ֆիլմը չի համարում կոմեդիայի ժանրի ստեղծագործություն և ասում է, որ «Աբսուրդիստան»-ի հիմնական գաղափարն է` ֆիլմը տեսնող ցանկացած մարդու հիշեցնել, որ իր գյուղն էլ ժամանակին ունեցել է ջրի ցավոտ խնդիր, իհարկե, ոչ աբսուրդի հասնող տարբերակով:
Ֆայթ Հելմերը ֆիլմեր է նկարում 15 տարեկանից սկսած: Նկարել է 20 կարճամետրաժ ֆիլմեր: «Աբսուրդիստան»-ը միակն է, որ կարճամետրաժ չէ: Հելմերը ոչ միան ռեժիսոր է, այլև իր ֆիլմերի պրոդյուսերը: Սիրում է նկարել նաև դոկումենտալ ժանրով. վերցնում է տեսախցիկն ու այցելում տարբեր երկրներ ու նկարում:
Հելմերը փառատոնի փակմանը չի լինի, քանի որ մեկնում է Փուլա`«Աբսուրդիստան» ֆիլմով հերթական փառատոնին մասնակցելու:







Facebook
Tweet This
Email This Post
