Երևանում մեկնարկեց ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | սեպտեմբերի 29, 2010 22:24

Սեպտեմբերի 29-ին Երևանում մեկնարկեց ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը: Հիմնական թեման է ՙԲարձրագույն վերահսկիչ մարմինների դերը երկրի սոցիալ–տնտեսական գործընթացների կառավարման գործում՚:

Խորհրդի անդամներից բացի, Հայաստանի Վերահսկիչ պալատի հրավերով, նստաշրջանի աշխատանքներին հյուրի կարգավիճակով մասնակցում են Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության (EUROSAI) նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկողական մարմնի նախագահ Յացեկ Յեզերսկին, մերձբալթյան երեք պետությունների` Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Աուդիտի ազգային գրասենյակների պատասխանատուները, ինչպես նաև Վրաստանի ՎՊ–ի նախագահը:

Նիստում քննարկվելու են աշխատանքային, կանոնակարգային և կազմակերպչական մի շարք հարցեր: Նախատեսված է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում: Մասնավորապես, ՌԴ–ի և ՀՀ–ի բարձրագույն վերահսկիչ մարմինները կստորագրեն Համատեղ ստուգումների ծրագիր, ինչպես նաև ՀՀ ՎՊ–ն համագործակցության երկկողմ համաձայնագրեր կկնքի Լատվիայի և Ղրղզստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ՎՊ–ի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-ամյա գործունեության ընթացքում Հայաստանը ԱՊՀ մյուս երկրների հետ համագործակցության համաձայնագրեր արդեն իսկ կնքել է: Ըստ նրա, Ռուսաստանի հետ այսօր կնքվելիք ծրագրի շրջանակներում, գալիք տարվա ընթացքում ստուգումներ են անցկացվելու, մասնավորապես, ՙՎՏԲ–Հայաստան՚ բանկում, ՙՀայՌուսգազարդ՚–ում, նաև Հայաստանի տարածքում զինվորական ռազմակայաններում տեղադրված գույքի տնօրինման հետ կապված:

ՌԴ–ի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինն էլ իր հերթին տեղեկացրեց, որ հայ գործընկերների հետ որոշվել է ստորագրել մինչեւ 2012թ.-ը համատեղ վերահսկողական միջոցառումների անցկացման ծրագիր: Միջոցառումները հիմնականում վերաբերելու են երկու երկրների նախագահների վերջերս Երևանում ստորագրած համաձայնագրերին:

Նշենք, որ առավոտյան նստաշրջանի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի անունից Հիշատակի պուրակում տնկվեց եղևնի:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 845 անգամ:

Leave a Reply