Մադինայում կառուցվում է 1200 մ փողոցային լուսավորության ցանց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2010 13:00

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում ապրիլից ընթանում են 1200 մ երկարությամբ կենտրոնական փողոցի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, որոնց համար տեղական բյուջեից ներդրվել է 2 միլիոն 200 հազար դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը, աշխատանքների առաջին փուլում ավարտվել է 600 մետր ցանցի կառուցումը, իսկ մնացածի համար արդեն տեղադրվել են հենասյուներ: Ցանցը շահագործման կհանձնվի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում: Ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա գտնվող համայնքի տեղական բյուջեի միջոցների հաշվին փոսային եւ գրունտային նորոգման են ենթարկվում մոտ 3-4 կիլոմետր ներհամայնքային ճանապարհները, որի համար ներդրվել է մոտ 700 հազար դրամ:

Համայնքի եւ գյուղապետարանի կարիքների համար ձեռք է բերվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Ամռանը գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա կառուցվել է անասունների համար խմելու ջրատար` կես կիլոմետր երկարությամբ, որի համար ներդրվել է 300 հազար դրամ: Ոռոգման շրջանում բոլոր տնտեսություններն անխափան ջուր են ստացել, իսկ խմելու ջրի ներքին ցանցի առանձին վթարային հատվածներ վերանորոգվել են գյուղապետարանի միջոցներով: Այսօրվա դրությամբ Մադինայում ավարտված է հացահատիկի եւ խոտի, ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply