Ադրբեջանի խորհրդարանի առաջիկա ընտրությունները խառնաշփոթ են առաջացրել իշխող կուսակցությունում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2010 12:36
Խորհրդարանական ընտրությունների շեմին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունում (ԵԱԿ) իրարանցումները չեն դադարում: ԵԱԿ թեկնածուների ցուցակը հրապարակելուց հետո իշխանությունում իրավիճակն ավելի է լարվել: Գործն այնտեղ է հասել, որ օլիգարխ պաշտոնյաների հետ կապված մարդիկ բացահայտորեն քննադատում են ԵԱԿ ցուցակը, ինչը գնահատվում է որպես նույն օլիգարխների դիրքորոշում: Այդ մասին հաղորդում է «Ազադլըգ»-ը եւ որպես օրինակ նշում, որ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մոտ շրջապատից քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը հերթական անգամ թնդանոթահարել է ԵԱԿ ցուցակը:
«Ռեյտինգ» թերթին նա ասել է, որ այդ ցուցակով ընտրությունների գնալը կարող է հարված հասցնել ԵԱԿ հեղինակությանը: Նրա կարծիքով, ԵԱԿ ցուցակում ընդամենը հաջողության շանս ունեցող 40 հոգի կան: «Մնացածները ոչ մի ուժ չունեն: Չգիտեմ, թե ով է կազմել այդ ցուցակը, բայց դա իշխող կուսակցությանը վայել ցուցակ չէ», -ասել է նա: Դրանից առաջ նա «Հուրիեթ» թերթին էլ հայտնել էր, որ ԵԱԿ ցուցակը «թերի եւ բավական վտանգավոր է» եւ նույնիսկ պնդել, որ ԵԱԿ ու պետության ղեկավար Իլհամ Ալիեւը «տեղյակ չէ` այդ ցուցակից»: Բացի այդ, տարբեր ԵԱԿ-ականներ իշխող կուսակցության այդ ցուցակը չեն ընդունում: Դա է պատճառը, որ օրեցօր ավելանում է անկախ կերպով իրենց թեկնածությունն առաջադրող ԵԱԿ-ականների թիվը:
Շատ ԵԱԿ-ականներ ուշադրության չեն առնում ղեկավարության ցուցակից դուրս թեկնածություն չառաջադրելու արգելքը եւ շարունակում են առաջադրել իրենց թեկնածությունը տարբեր ընտրատարածքներում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ԵԱԿ հիմնական թեկնածուների համար: Այդ պատճառով, ԵԱԿ հիմնական որոշ թեկնածուներ ստիպված փոխել են իրենց ընտրական օկրուգները: ԵԱԿ ցուցակի եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված իշխող կուսակցությունում տեղի ունեցող գործընթացները գործի է դրել նաեւ կազմակերպության հիմնադիրներին:
«91-եր» շարժման անդամ Արիզ Աբդուլալիեւը «Ռեյտինգ»-ին ասել է, որ «ԵԱԿ ցուցակից դուրս են մնացել այդտեղ եղած ոմանցից ավելի շատ գործ տեսած եւ նեղություն կրած մարդիկ»: Նա նույնիսկ մեղադրել է կուսակցության ղեկավարությանն՝ ընդգծելով, որ «ԵԱԿ-ում քաղաքացիական մտածողությանը, քաղաքական մշակույթին, տղամարդկությանը, ընկերությանը չսազող հարաբերություններ են ձեւավորվել»: «Այսպիսով, խորհրդարանական ընտրությունների շեմին ԵԱԿ-ում խառնաշփոթ է տիրում: Միանշանակ է, որ ընտրական գործընթացում լարվածությունն ավելի կաճի: Նույնիսկ կարող ենք լինել նաեւ կուսակցությունից զանգվածաբար հեռացողների ականատեսը», -եզրահանգել է «Ազադլըգ»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
