2 տարուց Դալմայի այգում կգործի «Հիլթոն Գարդեն Ինն» 3-աստղանի հյուրանոցը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2009 17:08

Գարի ԲեդյանԴալմայի այգու տարածքում` օդանավակայանից 7կմ և ԱՄՆ դեսպանատանից 1կմ հեռավորության վրա կկառուցվի «Հիլթոն Գարդեն Ինն» հյուրանոցը և ցուցահանդեսային կենտրոնը`25 մլն դոլար արժողությամբ: 2 տարվա շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվելիք հյուրանոցում կստեղծվի մոտ 250 աշխատատեղ:

Երկու տարի տևած բանակցություններից հետո Կալիֆորնիայից ժամանած բարերար Գարի Բեդյանն իրավունք է ստացել 2 հա հողատարածքի վրա կառուցել «Հիլթոն Գարդեն Ինն» հյուրանոցը:

Բեդյանն ասում է, որ Երևանում հիմնականում բարձրակարգ հյուրանոցներ են, որտեղ գները բարձր են, իսկ 3-աստղանոց «Հիլթոնը» նախատեսված է նաև սովորական տուրիստների համար. 1 հոգանոց սենյակների արժեքը տուրիստական սեզոնին մեկ օրվա համար կլինի 150-200 դոլար  և 120-150 դոլար` ոչ տուրիստական սեզոնին : «Անկախ»-ը պարզեց, սակայն, որ օրինակ` «Կոնգրես» հյուրանոցը 1օրվա համար 1 հոգանոց սենյակի գինը սահմանել է 102 դոլար, «Մետրոպոլ»-ը` 116 դոլար, «Անի պլազան»` 97 դոլար:

Հյուրանոցը բաղկացած է լինելու 202 հյուրանոցային սենյակից և 40 բնակարանային համարներից, 150 տեղանոց ռեստորանից, բանկետային սրահից, նիստերի սենյակներից, մարզասրահից, առողջարանից,  կոնֆերանս սենյակից: Լինելու է նաև անվճար ինտերնետ:

Հյուրանոցին կից կկառուցվի մոտ 3500 քմ ցուցահանդեսային տարածք, որն իր տեսակով առաջինն է լինելու Հայաստանում:

Ըստ գործարարի` ֆինանսական ճգնաժամի պայմաններում նման հսկայական հյուրանոցի կառուցումն ունի իր առավելությունները` շինանյութի գները համեմատաբար ցածր են:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply