«Եթե մենք հանրագիտարանը չբերեինք, ինչպե՞ս էիք իմանալու, որ նման բան կա»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 12:10

Երևանյան գրախանութներում վաճառվող ռուսատառ «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանը, որտեղ Հայաստանը ներկայացվում է ոչ հավաստի ու ոչ հայանպաստ տվյալներով (Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաև ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը և իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը, Արցախն էլ` Ադրբեջանի պատմական տարածք է` մեծամասամբ հայերով բնակեցված) արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է “Անկախ”-ի ուշադրության կենտրոնում:
«Գրքերի աշխարհ» գրախանութը, որտեղից գտել էինք հանրագիտարանը, մի քանի ամիս է, ինչ վաճառքի է հանել գիրքը: Մինչ հանրագիտարանի շուրջ բարձրացված աղմուկը` այդ ամիսիների ընթացքում հանրագիտարանից ընդամենը երկու օրինակ էր վաճառվել, աղմուկից հետո երկու օրինակ վաճառվել է մի քանի օրվա ընթացքում:
Գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը, որ հանրագիտարանն ուսումնասիրեց միայն մեր առաջին հրապարակումից հետո, կարծում է, որ իրողությունը ծայրահեղացվում է.
«Այդ ապատեղեկատվությունը, մեղմ ասած, թյուրիմացության հետևանք է կամ էլ ինչ որ նկատառումներով արված, ամեն դեպքում, սա հակահայկական քարոզչություն համարել չի կարելի»:
Այն հարցին, թե արդյոք գրախանութը գրքերի վաճառքի հարցում սահմանափակումներ դնում է, թե վաճառում է` ինչ պատահի, գրախանութի տնօրենը պատասխանում է.
«Մենք չենք ընդունում դեղին մամուլ և հակապետական քարոզչություն, մնացած ամեն ինչ վաճառում ենք: Իսկ ընդհանրապես, մենք իրավունք չունենք գնորդի փոխարեն որոշելու, թե իրեն ինչ է պետք, ինչ` չէ: Մենք առաջարկում ենք ամեն ինչ, նա ընտրում է այն, ինչ իրեն պետք է:
Վարդանյանը չի ընդունում, որ գրախանութը պետք է այս հանրագիտարանի վերաբերյալ բողոք բարձրացնի և բոյկոտի վաճառքը` նշելով, որ այդ հարցով պետք է զբաղվեն պետական համապատասխան մարմինները: Ընդհակառակը, նա գտնում է, որ հակահայկական քարոզչությամբ գրքեր ևս պետք է վաճառվեն, որպեսզի մարդիկ կարդան, տեղեկանան ու պայքարեն դրանց դեմ:
«Օրինակ, եթե մենք այս հանրագիտարանը չբերեինք, ինչպե՞ս էիք իմանալու, որ նման բան կա»,-ասում է նա ,-որձ էշի տակ քուռակ պետք է չէ ման գալ: Մենք գրախանութ ենք, այդ գրքից ընդամենը մի քանի օրինակ ենք բերել, որոնցից երկուսն արդեն դուք` լրագրողներդ եք գնել, մնացածն էլ` շուտով կգնեն, ու կվերջանա»:
«
Նա ամենևին էլ դեմ չէ ժողովրդական բողոքի ալիք բարձրացնելուն.
«Եթե դա միտում է, ուրեմն ադրբեջանական քարոզչամեքենան մեզ հաղթել է,-ասում է նա,-իսկ այդ հարցում պետք է միայն մեզ մեղադրենք: Մենք ոչինչ չենք անում, փոխարենը նստած սպասում ենք, թե երբ են մեր գլխին խփելու»:
Նշենք, որ «Անկախ»ը պատրաստվում է բաց նամակ հղել բրիտանական ու ռուսական հրատարակչություններին` պահանջելով ետ վերցնել բոլոր գրքերը, հերքել ապատեղեկատվությունը և Հայաստանը հանրագիտարանում ներկայացնել իրական տվյալներով և` ըստ արժանվույն: Հակառակ դեպքում, հարցը կլուծվի դատական ճանապարհներով:

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply