Ռուսական կայսրության պետական դումայի հայ պատգամավորները. Երրորդ դումա

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 6, 2010 0:10

Սկիզբը տես այստեղ

(01.11.1907-09.06.12)

Կայսրը մերժեց   վարչապետ Պ. Ա. Ստոլիպինի` Երրորդ դումա հրավիրելու առաջարկը ( 442 պատգամավորներից միայն 64-ն ունեին Դումայում աշխատելու փորձ), հայտարարելով.«Դեռևս վաղ է այն ընդունել, քանի որ իրեն բավականաչափ չի դրսևորել իր   հետ կապված հույսերի  և պետության հետ համագործակցելու առումով»:

Երրորդ դումայի առաջին կարևոր գործն այն եղավ, որ միապետին ողջույնի խոսք հղեց, որով  հավաստիացվեց, որ «կամրապնդենք պետական կառույցը,  կհանգստացնենք հայրենակիցներին ու կհաստատենք ժողովրդի մեջ օրինապահությունը, կբարձրացնենք  կրթամակարդակը, բարեկեցություն կապահովենք, կամրապնդենք  անքակտելի Ռուսաստանի հզորությունն ու ուժը և  դրանով կարդարացնենք պետության ղեկավարի վստահությունը»: Կայսերական մակագրությունը պատգամավորների հասցեին ավելի քան հակիրճ էր.«Պատրաստ եմ հավատալու արտահայտված զգացմունքներին»: 1912-ի հունիսի 8-ին Պետական դումայի անդամների վերջնական ընդունելությանը Նիկոլայ II-ն իր հավանությունն արտահայտեց «աշխատանքի ու թափված ջանքերի» կապակցությամբ, հավելեց, որ «քննարկումների ոչ այնքան հանգիստ բնույթի պատճառով որոշ գործեր ճիշտ ընթացք չեն ստացել»  ինչպես ինքը կկամենար:

Ռուսական կայսրության երրորդ դումայի հայ պատգամավորները

Աճեմով Մովսես Սերգեյի

Երրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Դոնի ընտրաժողովի մարզային զորամիավորման ընդհանուր ժողովի ընտրողների կողմից: Կադետների խմբակցությունից անցավ բյուջետային, անձի անձեռնմխելիության, դատական բարեփոխումների հանձնախումբ:

Դեմյանովիչ Անտոն Կայետանի

Բեսարաբները կրկին նրա թեկնածությունն են առաջադրում երրորդ դումայում: Նա դառնում է աջ չափավորների խմբակցության անդամ, այնուհետև  ռուսական ազգայնականների խմբակցություն է անցնում, իսկ 1911-ի մայիսից` Կենտրոնի խմբակցություն: Եղել է 5 ` բյուջետային, արդյունաբերական, հաղորդակցության ուղիների, դավանանքի և գյուղատնտեսության  հարցերի հանձնախմբերի անդամ:

1912-ի կեսերին  բարձր աստիճան է շնորհվում տոհմական ազնվականներին, իսկ Դեմյանովիչին` նաև  իսկական պետական խորհրդականի աստիճան:

Մուրզաև Մելքոն Կալուստովիչ

Ծնվել է 1858-ին, ազնվական է: Ավարտել է  Նովոռոսիյսկի համալսարանի (Օդեսա) իրավաբանության ֆակուլտետը: Ուսանողական տարիներին աքսորվել է Վյատսկի նահանգ: Եղել է երդվյալ հավատարմատար: Ծառայել է որպես հաշտարար դատավոր, կադետական կուսակցության անդամ էր, Տավրյան նահանգում մրգատու այգի ուներ, որը գնահատվել է 12 հազ. ռուբլի: Ամուրի էր:

Երրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Տավրյան նահանգի քաղաքային ընտրողների երկրորդ համագումարում: Կադետ էր, աշխատել է ֆինանսական ու համաձայնեցման հանձնաժողովներում: Ստորագրել է «Պետական  գրանցումների կանոնների ու կարգի քննարկման փոփոխման մասին», «Տափաստանային շրջաններում հողաշինարարական աշխատանքների հանձնաժողովներ հիմնելու մասին»,«Առևտրային ծառայողներ վարձելու մասին»,«Արխանգելսկի շրջանում տեղական նահանգային զեմստվոյական ինքնավարության մասին», «Մահապատժի վերացման մասին» օրինագծերը:

Սաղաթելյան Իվան (Հովհաննես) Յակովի

Երրորդ դումայում  առաջադրվել է նույն երեք նահանգների ընտրողների ընդհանուր քանակից: Աշխատանքային խմբի անդամ էր ինչպես նաև Հողային, արդյունաբերական, ժողովրդական կրթության, կայսերական ռուսական համալսարանների կանոնակարգի ու հաստիքների, վերաբնակեցման, բամբակագործության  գործով զբաղվող հանձնաժողովների անդամ:

Ստորագրել է  «Սիբիրում վարչատարածքներ ստեղծելու մասին», «Ռոստով Դոնում շրջանային դատարան հիմնելու մասին», «Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու կանոնների մասին», «Քաղաքային ընտրական օրենքի փոփոխության մասին» օրինագծերը:

Չորրորդ դումա

(25.02.1917/06.10.1917)

1914-ի հունիսին Նիկոլայ II-ը Մինիստրների խորհրդի նիստում առաջարկեց  Դումայի օրենսդիր կարգավիճակը վերացնել: Սակայն, մեծամասնությունը դեմ էր առաջարկին:

1917-ի փետրվարի 10-ին Դումայի նախագահ Մ.Վ. Ռոդյանկոն թագավորին զեկուցելիս ակնարկեց, որ իր այդ հանդիպումը սպառնացող հեղափոխության պատճառով կարող է վերջինը դառնալ. «Հեղափոխություն կլինի ու այնպիսի անարխիա կտիրի, որը ոչ ոք չի կարողանա զսպել»:

Փետրվարի 25-ին թագավորը Դումայի աշխատանքները մինչև ապրիլ ամիսը դադարեցնելու հրաման ստորագրեց: Դուման չէր ենթարկվում և  մասնավոր ժողովներ էր հրավիրում: Լինելով  ընդդիմության կենտրոններից մեկը`  Դուման Փետրվարյան հեղափոխության մեջ որոշիչ դեր ունեցավ. փետրվարի 27-ին նրա անդամները ստեղծեցին  Պետական դումայի ժամանակավոր կոմիտե` ձևավորելով  Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն, դե ֆակտո ստանձնելով բարձրագույն իշխանության գործառույթները: Այն հոկտեմբերի 6-ին ցրեց Դուման` Ռուսաստանը հանրապետություն հռչակելով և ազդարարելով հիմնադիր ժողովի ընտրությունների սկիզբը:

Աճեմով Մովսես Սերգեյի

Երրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Դոնի ընտրաժողովի մարզային զորամիավորման  քաղաքային ընտրողների առաջին համագումարում: Կադետ էր,  աշխատում էր ոչ միայն երրորդ Դումայի հանձնաժողովներում, այլև զինվորական ու ծովային,  օրենսդիր առաջարկությունների , արտահանվող հացամթերքի առևտրի կարգավորման հարցերով զբաղվող  հանձնաժողովներում:

Պրոգրեսիվ բլոկի անդամ էր: Առաջին համաշխարհայինի ժամանակ Պետության պաշտպանության հատուկ խորհրդակցության կազմում էր: 1913-ի փետրվարին  կադետների VI համագումարը նրան ընդունեց կուսակցության  կենտրոնական կոմիտեի շարքերը:

1916-ի մայիսի 30-ին Դումայի 50-րդ նիստին, երբ քննարկվում էր «Գյուղացիների իրավահավասարության մասին» օրենքի նախագիծը, Ա. Ֆ. Կերենսկու և Մ. Ս. Աճեմովի միջև վեճ սկսվեց:

Կերենսկի .«Դո՛ւք,-ասաց նա` ավելի շուտ դիմելով կառավարությանը,- մի օրենք եք առաջ քաշում, որն ըստ էության ոչ ոքի պետք չէ, քանզի ոչինչ չի փոխում»:

Աճեմով. « Օրենքն արժեքավոր է ոչ նրանով, թե ինչ փոփոխություն է մտցնում, այլ նրանով, որ գյուղացիության հարցն է հերթի դրված»:

Դեմյանովիչ Անտոն Կայետանի

Բեսարաբական ընտրողների վստահությամբ հերթական անգամ է ընտրվում ու  չորրորդ դումայում արդեն հարում է Կենտրոնական ֆրակցիային, մասնակցում վեց` առևտրի ու արդյունաբերության , աշխատանքի, տեղական ինքնակառավարման, դավանանքի, հաղորդակցական ուղիների, քաղաքային հարցերով  զբաղվող հանձնաժողովների աշխատանքներին: Անցնում է Պրոգրեսիվ բլոկ:

Պապաջանով Միխայիլ Իվանի

Ծնվել է 1869-ի սեպտեմբերի 7-ին, սովորել է Թիֆլիսի գիմնազիայում: Ավարտել է Նովոռոսիյսկի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը ,  Երևանում, Թիֆլիսում  զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, իսկ Ալեքսանդրապոլում քաղաքային դումայի իրավասու էր: 1899-ին տեղափոխվում է Բաքու, դառնում տեղի շրջանային դատարանի երդվյալ հավատարմատար, այնուհետև` երդվյալ հավատարմատարների կոմիտեի նախագահ: Բաքվի հայկական դպրոցների  ու սբ Գր. Լուսավորչի անունը կրող մարդասիրական ընկերության խորհրդի հոգաբարձու էր, ձախ կադետ: Չորրորդ Դումայի պատգամավոր է ընտրվել Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի նահանգի ընտրողների ընդհանուր թվից: Հիվանդության պատճառով Դումայի նիստերին ներկայացել է  միայն 1913-ի հունվարի 23-ին: Կադետների խմբակցության անդամ էր, ժողովրդական կրթության,  գյուղատնտեսական, արդյունաբերական, օրենսդրական առաջարկությունների, սերվիտուտների մասին օրենքի, պարտադիր իրավունքի, զինվորական ու ծովային գործերի հանձնաժողովների անդամ: 1915-ի հուլիսի 20-ին Դումայում հանդես է եկել հայրենասիրական բովանդակությամբ ճառով` տեղեկացնելով հայերի նկատմամբ իրականացված գազանությունների մասին:

1916-ի հոկտեմբերի 3-ին Ելիզավետպոլ նահանգի  Զանգեզուրի գավառի  Մեղրի շրջկենտրոնից նամակ է ուղարկվում Պապաջանովին խնդրանքով, որ  սովի չմատնվելու համար օգնի ալյուրով: Պապաջանովը, կնոջ հետ  Շուշիից Գորիս`  Զանգեզուրի գավառական կենտրոն գալով , բերում է պարենը:

Ֆրանգուլով Սերգեյ Հովհաննեսի

Ծնվել է 1864-ին, պատվավոր քաղաքացու ժառանգ էր: Ավարտել է  Մոսկվայի պետրոպավլովսկյան ուսումնարանը: Երեք անգամ ընտրվել է Աստրախանի քաղաքային ղեկավար` 4-ամյա ժամկետով: Քաղաքային դումայի իրավասու էր: Աստրախանում տներ ուներ, մի քանի հա հող,  բանտային կոմիտեի տնօրեն էր: Ամուսնացած էր, ուներ չորս երեխա:

Չորրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Աստրախանի նահանգի հողատերերի կողմից: Պրոգրեսիվ բլոկից էր: Ծախսերի գրանցման, բյուջետային, աշխատավորների օրենսդրական առաջարկությունների  ուղղության հարցերով զբաղվող հանձնաժողովների անդամ: 1917-ի փետրվարյան հեղափոխության օրերին հիվանդության պատճառով բացակայում էր Պետրոգրադից:

Ճակատագրեր, ճակատագրեր

Այվազովի և Բագատուրովի հետքերը կորչում են  շատ խառնակ ժամանակներում. Բագատուրովի անունը հանդիպում է Ա. Բակունցի երգիծական քրոնիկոնում` «Կյորեսում», որում նկարագրվում է Գորիսի կյանքը 1910-ականներին:

Ա. Կ. Դեմյանովիչը չորրորդ դուման ցրելվուց մեկ տարի առաջ հիվանդանում ու  բժիշկների խորհրդով մեկնում է Ռուսաստանի հարավ` բուժվելու: Իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է  Օդեսայում ու մահկանացուն կնքում 1916-ի հոկտեմբերի 27-ին: Ինչ վերաբերում է Կ. Մ. ՏերՊետրոսյանին ու Լ. Ֆ. Թումանյանցին, ապա, ցավոք, նրանցից տեղեկություն չի պահպանվել: Փետրվարյան հեղափոխությունից հետո Մ. Ս. Աճեմովը դարձավ Դումայի ստեղծած ժամանակավոր կառավարության կոմիսար արդարադատության նախարարության գծով: Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո հայտնվեց Ֆրանսիայում, իսկ մահկանացուն կնքեց 1953-ի մարտի 31-ին, Ամերիկայում: Ի. Ն. Աթաբեկովի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ: Ինչ վերաբերում է Սաղաթելյանին, ապա հայտնի է, որ նա Հայաստանում Խորհուրդների իշխանության հաստատումից հետո հեռացել է  կուսակցական գործունեությունից, և 1921-ից աշխատել  հանրապետության հողային ժողկոմատում: Նրա մասին բանաստեղծ Օսիպ Մանդելշտամն իր «Ուղևորություն  դեպի Հայաստան»-ում գրել է.«Սևանում իմ բախտից հավաքվել էր խելացի ու ազնվացեղ ծերունիների մի պատկերասրահ` գավառագետ  Հովհաննես Յակովի Սաղաթելյանը…..Ես գերադասեցի նրանց հանգիստ ընկերակցությունը…»: Պատվավոր գավառագետը մահացավ 1936-ին: Ս. Ք. ՏերԱվետիքյանցն ուսուցչություն է արել Գյանջայում, իսկ նրա հետքերը կորչում են 1938-ից հետո: Ինչ վերաբերում է Պապաջանովին , ապա նրա հետագա կյանքում արժանահիշատակ է  1923-ին Հայ բարեգործական միությանը ներկայացված մի նախագիծ, որի համաձայն`  14 տարին լրացած որբ երեխաներից  ամեն տարի մոտ 6000 երեխա պետք է գյուղատնտեսական աշխատանքային դպրոցներում դասընթացներ անցներ,  որտեղ նրանց նախապատրաստելու էին հողային աշխատանքներ կատարելուն: 16-ը լրանալուն պես նրանց հող էր հատկացվելու, և կարող էին ֆերմերային գործունեություն ծավալել: Ենթադրվում էր յուրաքանչյուր բնակատեղիում բնակեցնել 1500  դեռահասի և 500 մեծահասակ-փախստականների, ովքեր որբերին կվարժեցնեին գյուղական կենցաղին: Մի վարկածի համաձայն` նա մահացել է 1926-ին, մյուսի համաձայն`1930-ին:

Դիտվել է 2057 անգամ:
Print Friendly

Leave a Reply