Ծածկադմբո՞ց, թե՞ կուսակցականացված ֆուտբոլ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 29, 2010 15:00

Օգոտոսի 8-ից  մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ 2010» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի տարբեր գերատեսչությունների 17 թիմ: Ընդ որում, ինչքան էլ տարօրինակ է, բացառություն է կազմել, չի մասնակցում միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ի դեպ, ստուգատեսը հենց այդ գերատեսչության նախաձեռնությամբ է կազմակերպվում, այն էլ` երկրորդ անգամ: Թվում էր, թե հաշվի կառնվեն նախորդ տարվա բացթողումները և այս անգամ ամեն բան հաշտ ու խաղաղ, առանց որևէ վիճահարույց  խնդրի կընթանա, սակայն այդպես չէ:

Հիշեցնենք, որ անցած տարի այս ստուգատեսն անցկացվեց նախապես մտածված սցենարով, ըստ որի պետք է հաղթեր ՀՀ ՊՆ թիմը: Եվ այդպես էլ եղավ, քանի որ  Երևանի «Հանրապետական» մարզադաշտը եզրափակչի օրը, որպես բուտաֆորիա, լցվել էր   ավտոմեքենաներով բերված զինվորականներով, և ՀՀ ՊՆ հավաքականը հեշտորեն հաղթեց արտակարգ իրավիճակների նախարարության հավաքականին` 6:0: Սակայն ՊՆ թիմը կարող էր եզրափակիչ չհասնել, քանի որ մինչև այդ ծանր վիճակում էր հայտնվել Մաքսային պետական կոմիտեի հավաքականի  հետ խաղում: Սակայն, երբ վերջինս «Փյունիկ» ակումբի մարզադաշտում 2:0 հաշվով հաղթում էր ՊՆ ներկայացուցիչներին, գլխավոր մրցավար Կամո Մահտեսյանին էին մոտեցել գեներալներ և ՀՖՖ նախագահը: Թե ինչպիսի բացատրական աշխատանք էր կատարվել, հայտնի չէ, սակայն  դրանից հետո խաղադաշտից հեռացվել էր մաքսայինի թիմի երկու խաղացող, այդ թվում՝ նաև դարպասապահը: Ի վերջո, ՊՆ թիմը հաղթել է 4:2 հաշվով: Եվ վիրավորանքից մաքսավորները հետագայում այլևս չցանկացան խաղալ մրցաշարում:

Անցյալ տարի շատ էին նաև այնպիսի հանդիպումները, որոնց ժամանակ մասնակիցները չէին ներկայանում մրցավայր: Իսկ այժմ ավելի շատ անհրաժեշտություն է զգացվում վերախաղարկելու մրցամարտերը, մի բան, որ ֆուտբոլում ընդունված չէ: Մասնավորապես, այդպիսի խնդիր առաջացավ  Ֆինանսների և կրթության ու գիտության նախարարության թիմերի հանդիպումից հետո: Ընդ որում, ԿԳ նախարարության ներկայացուցիչները Աշտարակի մարզադաշտում կայացած այդ խաղում հաղթել էին 8:0 հաշվով: Սակայն, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները բողոքարկել էին, որ հակառակորդի թիմի կազմում չհայտավորված ֆուտբոլիստներ են խաղադաշտ դուրս եկել: Բացահայտվել էր, որ իրոք այդպես է:

Սակայն կային նաև պատճառաբանություններ: ԿԳ ներկայացուցիչները պնդում էին, որ իրենք նախապես այդ մասին տեղյակ են պահել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանին, վերջինս էլ հայտնել է  խաղին ներկա գտնվող իրենց նախարարության ներկայացուցչին, սակայն խաղից առաջ կատարված փոփոխության փաստաթուղթն ինչ-ինչ պատճառներով ուշացումով է ներկայացվել: Բողոք է ներկայացվել: Ի վերջո, որոշվել է կրկին խաղ անցկացնել: Կարճ ասած` խառնաշփոթ: Ի դեպ, երկու կողմերը պետք է որոշակի ծախսեր կատարեին` 26 հազար դրամ մուծեին խաղը սպասարկող մրցավարներին վճարելու, գրեթե նույնքան էլ կամ մի փոքր ավելի` խաղադաշտի վարձակալման համար: Տարբեր խաղադաշտերի վարձակալման վճարը տարբեր է: Ի դեպ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, որոնք խաղից հետո աղմուկ էին բարձրացրել, այդպես էլ նոր նշանակված հանդիպմանը չներկայացան: Հավանաբար, նրանք հույս ունեին, որ հաղթանակն իրենց կշնորհվի: Իսկ չներկայանալու համար այդ թիմին պարտություն գրանցվեց: Առողջապահության նախարարությունն էլ 2:0 հաշվով հաղթել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիմին, սակայն կրկին արդյունքը չեղյալ հայտարարվեց, և վերախաղարկում նշանակվեց: Ֆուտբոլի համար այս ամենը շատ արտասովոր է, ի վերջո, մրցումների կանոնակարգով կարելի է կնճռոտ հարցերը կարգավորել, որպեսզի բանը վերախաղարկման չհասնի:

Ի դեպ, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանից խնդրեցինք մրցումների կանոնակարգը (նա է զբաղվում այս ստուգատեսի կազմակերպչական հարցերով), զարմանալի պատասխան ստացանք: «Կանոնակարգ ունեմ, բայց չեմ ցանկանում տալ, քանի որ հնարավոր է` մեկ տառասխալի համար տարբեր մեղադրանքներ հնչեն»,- ասաց նա: Էլ ավելի զարմացրեց մրցաշարի գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտնեց, որ մրցումների կանոնակարգը չունի և չի էլ ցանկանում ունենալ: Ճաղարյանը միայն  նշեց, որ իր խնդիրն է այնպես անել, որ մրցումները մրցավարները սպասարկեն, վճռորոշ խաղերը նույն ժամին սկսվեն, իսկ մնացածն ամենևին իրեն չի հետաքրքրում: Իսկ մեր այն հարցին, որ հակասությունները շատ են, պատասխանեց, որ նախորդ տարվա մրցումների կանոնակարգն ինքն է կազմել, իսկ այս անգամ փոփոխություններ են արվել առանց իր կարծիքը հաշվի առնելու: Եվ հակասական իրավիճակ է առաջացել խմբային մրցաշարերից հետո:

Բանն այն է, որ դժվարություններ են ծագում հատկապես հավասար միավորներ ունեցող  թիմերից որևէ մեկին նախապատվություն տալու հարցում: Զգացվում է, որ ներկայիս կանոնակարգում մոտեցումը պրոֆեսիոնալ չէ: «Անցյալ տարի ես նշել էի, որ հավասար միավորների դեպքում նախապատվությունը տրվի ավելի շատ հաղթանակներ տարած թիմին, ապա հաշվի առնվեն միմյանց միջև անցկացված հանդիպումների արդյունքները, հետո` գնդակների տարբերությունը: Իսկ հիմա ասում են, թե իրավաբաններն են այդ ամենը արել: Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ սկզբունքով են առաջնորդվել: Տարօրինակ է, բայց փաստ, որ հաջորդ փուլում հնարավոր է` խաղան խմբային մրցաշարում միմյանց հետ արդեն մրցած թիմեր: Սակայն այդ ամենն իմ խնդիրը չէ»,- ասաց Ճաղարյանը: Ինչ վերաբերում է վերախաղարկումներին, ապա նա նշեց, որ դրանց մասին էլ տեղյակ չէ: Ճաղարյանն ասաց, որ անգամ խաղերի արդյունքների մասին ոչինչ չգիտի:

Ի դեպ, չնայած մրցաշարի հնչեղ անվանմանը, այդ մասին տեղեկացնող ոչ մի ազդագիր չկա: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դրանք  չեն հրապարակվում, անգամ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կայքում՝ թերևս բացահայտ խայտառակությունից խուսափելու համար: Ստացվում է, որ վարչապետի գավաթի խաղարկությունը գաղտագողի` ինքնանպատակ է  անցկացվում, ծածկադմբոց է: Հնարավոր է` դրա պատճառն այն է, որ  մրցաշարը շատ կուսակցականացված է, կարևորվում է, թե որ կուսակցությունը ներկայացնող նախարարությունն է հաղթում: Այնպես որ, անդրկուլիսյան խաղերը շատ են: Եվ հավանաբար այդ է  պատճառը, որ Ճաղարյանը ջրից չոր դուրս գալու համար աշխատում է չխառնվել և հայտնում է, որ ոչ մի բանից տեղյակ չէ: Բայց չէ՞ որ այդպես չի լինում:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply