Սուղ ֆինանսներ և մեծ ծրագրեր

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 12, 2010 0:47

Թհեքվանդոն արևելյան մարտարվեստի մարզաձևերից միակն է, որն ընդգրկված է  օլիմպիական խաղերի ծրագրում: Եվ ահա, օրերս Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած Եվրոպայի մինչև  21 տարեկանների առաջնությունում չորս մասնակից  մրցասպարեզ հանած Հայաստանի հավաքականը տիրացել է մեկական ոսկե և բրոնզե մեդալի:

Գերազանց հանդես եկավ հատկապես 58 կգ քաշային  Հայկազ Սամվելյանը, որ պարտության մատնելով բոլոր մրցակիցներին` կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին, և ի պատիվ նրա հաղթանակի` հնչեցվեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը: 54 կգ քաշային Հենրիկ Մեջլումյանը նույնպես կարող էր չեմպիոն դառնալ, սակայն բավարարվեց բրոնզե պարգևով: Հայաստանի  հավաքականի մյուս երկու մարզիկներին հաջողությունն  ուղեկից չէր: Այդուհանդերձ, մեր երկրի ներկայացուցիչներն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին 5-րդ տեղը:

Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն  Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ գոհ է Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների մրցելույթից, քանի որ խաղարկված 8 ոսկե  մեդալից մեկը Հայաստան է բերվել: Ըստ ֆեդերացիայի օրացուցային պլանի` սա մեր մարզիկների համար մրցաշրջանի վերջին մեկնարկն էր: Սակայն, քանի որ հաջորդ տարին նախաօլիմպիական է, կազմակերպվելու են վարկանիշային մրցումներ, մերոնք որոշել են շարունակել նախապատրաստությունը: Եվ հնարավոր է, որ հոկտեմբերին Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում մասնակցի A կարգի միջազգային մրցաշարի:

Բանն այն է, որ այդ ստուգատեսում մարզիկները մրցելու են այն քաշային կարգերում, որոնցում ուժերն են չափում օլիմպիական խաղերում: Թհեքվանդոյում տարբերություն կա: Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, մարզիկները մրցում են այլ քաշային կարգերում, օլիմպիական խաղերում` բոլորովին ուրիշ: Իսկ պատճառն այն է, որ օլիմպիական խաղերում 8-ի փոխարեն ընդամենը 4 քաշային կարգ կա` 60 կգ, 70 կգ, 80 կգ, + 80 կգ: Փաստորեն, Ֆրանսիայում կայանալիք միջազգային մրցաշարում այդ քաշային կարգերում հանդես եկող մեր մարզիկներին կարողությունները փորձելու հնարավորություն կտրվի:

Ղահրամանյանը չթաքցրեց, որ ֆեդերացիայի առջև դրված խնդիրներն աստիճանաբար մեծացել են և սկսել են շատ ավելին պահանջել: Թերևս, դրա պատճառն այն համարվեց, որ առայժմ Հայաստանի թհեքվանդոյիստների ցույց տված արդյունքները բարձր են: Սակայն նա նաև մտահոգված էր, որ չի հաջողվի միշտ  պահպանել դիրքերը: Հնարավոր է նաև` անկումներ լինեն:

Այս ստուգատեսում էլ մեր երկրի ներկայացուցիչներն իրենց ողջ ներուժն օգտագործել են, սակայն կա մտահոգող հանգամանք: Բանն այն է, որ ֆինանսների պակասի պատճառով Հայաստանի ներկայացուցիչները հանդես եկան 8 քաշային կարգերից միայն 4-ի մրցումներում: «Փորձում ենք հավաքականում ընդգրկել այն մարզիկներին, ովքեր ավելի մեծ հույսեր են ներշնչում, կարող են դառնալ մեդալակիր: Սակայն սպորտում ամեն բան հնարավոր է, իսկ մենք  ոչ բոլորին  ենք կարողանում հնարավորություն տալ, որ իրենց  կարողությունները դրսևորեն: Շնորհալի շատ մարզիկներ պարզապես մնում են տանը: Ինչ վերաբերում է Հայկազին, ապա անցյալ տարի նա Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել, իսկ այս անգամ, պայքար մղելով ավելի բարձր տարիքի թհեքվանդոյիստների մրցումներում, աննախադեպ հաջողության հասավ: Նա լավ է մասնակցել նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, և առաջիկա օլիմպիական խաղերում Սամվելյանից սպասելիքները մեծ կլինեն: Սակայն, մինչև այդ պետք է իրավունք նվաճել այդ ստուգատեսում հանդես գալու համար: Իսկ Մեջլումյանը նախկինում ավելի շատ ուշադրություն էր դարձնում ուսմանը: Այժմ, երբ ավարտել է Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, մարզումներին ավելի շատ ժամանակ ունի հատկացնելու, և արդյունքն էլ ակնառու է»,- հայտնեց  ֆեդերացիայի փոխնախագահը:

Ղահրամանյանը նշեց, որ Հայաստանում թհեքվանդոյի զարգացնանը խանգարող մի շարք  հանգամանքներ կան: Ամենագլխավորը նա համարեց այն, որ անբավարար է պետական աջակցությունը: Ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է կատարում, և եթե 4 տարի առաջ Հայաստանի հավաքականում մարզիկներ գրեթե չեն եղել, ապա այժմ ամեն քաշային կարգում մրցակցություն կա: Ընդ որում, մարզիկները սկսել են հաջողությունների հասնել պատանեկան տարիքից սկսած, և այժմ արդեն բարձր ցուցանիշների են հասնում ավագ տարիքի թհեքվանդոյիստների խոշորամասշտաբ ստուգատեսներում:

«Այժմ էլ նոր հերթափոխ է աճեցվում: Այդ ամենի համար մեծ ծախսեր են արվում, մինչդեռ պետության կողմից տարեկան հատկացվող 17 մլն դրամն այդ աշխատանքները կատարելու համար շատ քիչ է: Ընդ որում, եկող տարի էլ նույնպիսի ֆինանսավորում է լինելու: Իսկ արտասահմանում ուղղակի ամաչում ենք հայտարարել, թե ինչ միջոցներով են ամեն բան անում: Այդպիսի փողերով հնարավոր չէ անգամ պահպանել այն, ինչին հասել ենք: Այս ամենի մասին ես սրտի ցավով եմ հայտնում, քանի որ թհեքվանդոն Հայաստանում զարգացնելու գործում ինքս մասնակից եմ եղել հենց սկզբից: Ամեն բան դժվարությամբ է ստեղծվել: Ներկայումս եվրոպական երկրների ներկայացուցիչները մեզ սկսել են լուրջ հակառակորդ համարել: Դա ուրախացնում է,  նաև պարտավորեցնում: Այժմ այն, որ մեր հավաքականը շատ ուժեղ է, բացահայտ հայտնում են նաև օտարերկրացիները»,- ասաց Ղահրամանյանը:

Թհեքվանդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահը խոստովանեց, որ դա   իրանցի մարզչի աշխատանքի արդյունքն է, սակայն ներկայումս սկսել են ապավինել մեր մասնագետների ուժերին: Այնուամենայնիվ, իրանցիների հետ կապը պահպանում են, նրանք են հաճախակի ուսումնամարզական հավաքների գալիս Հայաստան:

Ի դեպ, սեպտեմբերի վերջին սպասվում է, որ Հայաստան կայցելեն Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Աթանաս Պրակալոսը (Հունաստան), փոխնախագահ Եվգենի Կլյուչնիկովը (Ռուսաստան) և գլխավոր քարտուղար Հանս Կիսը (Հոլանդիա): Ընդ որում, նախնական պայմանավորվածություն կա, որ եկող տարի այս մարզաձևի Եվրոպայի երիտասարդական` մինչև 21 տարեկանների առաջնությունն ու Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիայի գլխավոր նստաշրջանն  անցկացվեն Երևանում:

Հետաքրքրվեցինք, թե որտեղ են մտադիր կազմակերպել այդ միջոցառումները: Ղահրամանյանն առայժմ այդ հարցի պատասխանն ինքն էլ չունի: Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, դրա համար ամենանպատակահարմար վայրը մայրաքաղաքի մարզահամերգային համալիրն է, սակայն վախեցնում է վարձավճարը: Երբ նա հետաքրքրվել է, տեղեկացրել են, որ մեկ օր մարզաբազայի ծառայությունից օգտվելու համար պետք է վճարել 9 մլն դրամ: Իսկ այդպիսի միջոցներ Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան չունի: Ինչևէ, հույսն այն է, որ աջակիցներ կգտնվեն, ձեռք կմեկնեն Հայաստանի կառավարությունը,  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: «Եթե այս միջոցառումները մենք լավ կազմակերպենք, ապա հետագայում հայտ կներկայացնենք, որ Երևանում անցկացվի թհեքվանդոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այս ամենը պատվի խնդիր է: Ի դեպ, Ադրբեջանի ներկայացուցիչները նույնպես ցանկանում էին, որ հյուրընկալեն Եվրոպայի  երիտասարդական առաջնության մասնակիցներին, սակայն նախապատվությունը մեզ է տրվել: Այժմ սոսկ նախնական պայմանավորվածություն կա»,- պարզաբանեց Ղահրամանյանը:

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply