Ավագանու որոշումը կատարած սեփականատերերը շնորհակալագիր կստանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 10:40

Երևանի քաղաքապետարանում  երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության քննարկվել են «Էրեբունի-Երևան»  տոնակատարության նախապատրաստական աշխատանքները. այս տարի քաղաքամայր Երևանը կտոնի իր ծննդյան 2792-ամյակը:

Զեկուցվել է, որ տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում այժմ լայն թափով նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Հոկտեմբերի 10-ին Երևանը  շքեղությամբ կներկայանա երևանցիներին ու հյուրերին ինչպես տոնական շքեղ միջոցառումներով, այնպես էլ գիշերային յուրօրինակ լուսավորությամբ: «Էրեբունի-Երևան տոնը երևանցիների ու քաղաքի հյուրերի համար համազգային տոնախմբության է վերածվել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ օրը առավոտից մինչ երեկո մայրաքաղաքում իշխի տոնական բարձր տրամադրություն»,- նշել  է  Երևանի քաղաքապետը:

Ասֆալտապատման այս տարվա համաքաղաքային ծրագրով մայրաքաղաքում  արդեն ասֆալտապատվել է 593 000 քմ տարածք, ինչը տարեկան ծրագրի 85 տոկոսն է կազմում։ Ներկայացվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, առաջիկայում խճուղում կավարտվի ծրագրի առաջին փուլը: Հիմնանորոգման աշխատանքներն, ինչպես հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  ավարտին են մոտենում նաև Թամանցիների փողոցում: Այստեղ նոր ջրագծի անցկացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է, այժմ ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները:

Մայրաքաղաքի տնտեսվարողների շուրջ 80 տոկոսը, համաձայն Երևանի ավագանու որոշման, բարեկարգել և ծաղկապատել են իրենց կազմակերպությունների շրջակա տարածքը: Երևանի քաղաքապետը նշել է, որ բոլոր այն սեփականատերերը, ովքեր կատարել են Երևանի ավագանու որոշումը` բարեկարգել ու ծաղկապատել են իրենց կազմակերպություններին հարակից հատվածները, կպարգևատրվեն շնորհակալագրերով:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply