Օպերատիվ բացահայտումներ. ապօրինի հանքավայր, ալրաղաց, ատամնաբուժարան և տոնավաճառ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2010 22:17

ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքեր են բացահայտել:
Իրականացված օպերատիվ-հետախուզական և վերահսկողական աշխատանքների արդյունքում հանքավայրի ապօրինի շահագործման և հանքաքարի վաճառքի դեպք է արձանագրվել:
Պարզ է դարձել, որ ապօրինի ձեռնարկատերը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Նվեր Պետրոսյանն է, ով տվյալ գործունեությամբ «Աղվերանի մարմարի հանքավայր»-ում զբաղվել է շուրջ 45 օր ` առանց համապատասխան լիցենզիայի:
Իրականացվել է ապօրինի գործունեության ստուգում. Ն.Պետրոսյանին առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը կասեցվել է մինչև համապատասխան լիցենզիա ստանալը:
Ապօրինի ձեռնարակտիրության մյուս դեպքն էլ արձանագրվել է Հրազդանի ՋԷԿ-ին կից տարածքում գործող ալրաղացում: Այդտեղ գտնվող արտադրամասում` առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու, բնակիչ Գոռ Մկրտչյանն արտադրել է ալյուր և թեփ` հետագայում իրացնելով արտադրանքը: Օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ ալրաղացը հարկային դաշտից դուրս գործել է շուրջ 15 օր. այդ ժամանակահատվածում արդեն իսկ արտադրվել էր 16 տոննա ալյուր և թեփ: Ստուգման պահին արտադրամասում եղել է վեց աշխատակից:
Ալրաղացի գործունեությունը կասեցվել է` մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը:
Ապօրինի ձեռնարկատիրության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Հրազդանում հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն էլ իրականացրել է քաղաքացի Անժելա Հովակիմյանը. Հրազդանի միկրոշրջան թաղամասում վերջինս շուրջ չորս ամիս առանց համապատասխան լիցենզիայի ատամնաբուժական և ատամի պրոթեզավորման ծառայություններ է մատուցել, այնինչ հարկային տեսչությունում Ա.Հովակիմյանն իր գործունեությունը գրանցել էր որպես մանրածախ առևտուր: Անհատ ձեռնարկատերը գործունեությունն իրականացրել է երկու վարձու աշխատողների` բժշկուհու և ատամնատեխնիկի միջոցով:
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: Ապօրինի գործունեությունը կասեցվել է` մինչև համապատասխան լիցենզիա ստանալը:
Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ առանց պետական գրացման է գործում Ճամբարակի տոնավաճառը: Ապօրինի գործունեությունը ծավալել էր Ճամբարակի բնակիչ Մխիթար Սիմոնյանը. տոնավաճառը գործել է քաղաքի նախկին հանրախանութի առաջին հարկում` զբաղեցնելով 250քմ տարածք:
Տոնավաճառում առևտուրն իրականացրել են տարբեր շրջանների բնակիչներ` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների:
Ապօրինի գործունեությունը կասեցվել է` մինչև համապատասխան գրանցում ստանալը:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply