Իսպանիայում բացվել է ՀՀ դեսպանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2010 17:00

Իսպանահայ համայնքի համար սեպտեմբերի 26-ին իր դռներն է բացել Մադրիդի կենտրոնում տեղակայված` Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համայնքի ուժերով վերանորոգված դեսպանատան սրահում կազմակերպվել է ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին եւ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը:

Ընդունելությանը ներկա են եղել երկրի տարբեր շրջաններից ժամանած հյուրեր, այդ թվում`հայ կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ Բարսելոնից, Վալենսիայից, Մալագայից, Ալիկանտեից: Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի հրավերով Բարսելոնից Մադրիդ են ժամանել նաեւ Հայ բարեգործական ընդհանուր միության եվրոպական մասնաճյուղի փոխտնօրեն Սոնա Ատտամյանը, անդամներ Միշել Սաբահը եւ Ֆրանսուազ Գովդյանը, որոնք օր առաջ Բարսելոնում ներկա էին գտնվել ՀԲԸՄ հովանավորությամբ եւ անմիջական օժանդակությամբ բացված «Հայ տան» շնորհանդեսին: ՀՀ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցել են մի քանի տասնյակ մադրիդահայեր` գործարարներ, մշակութային գործիչներ, իրավաբաններ, դասախոսներ, հայազգի ուսանողներ, Հայ երիտասարդների միավորումը, որն օժանդակություն է ցուցաբերել դեսպանատան տարածքի ընտրության, վերանորոգման եւ կահավորման հարցերում:

Դեսպանատան օծման արարողությունը կատարել է Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, որից հետո ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը շնորհավորական խոսք է ասել:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply