Ավարտվում է Սերժ Սմեսովի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2010 16:29

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ժամանակ կատարված աշխատանքի համար և բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման հարցում։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ դիվանագետն իր գործունեության ընթացքում մեծ նպաստ է ունեցել երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում` հասցնելով դրանք քաղաքական և մշակութային երկխոսության բարձր մակարդակին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` Սերժ Սմեսովը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հետո Ֆրանսիան երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված լուրջ առաջընթացի մասին։
Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ծավալված արդյունավետ համագործակցության համատեքստում զրուցակիցները ողջունելի են համարել հայաստանյան շուկայում ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում` «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» բջջային օպերատորի, գործունեությունը և քննարկել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի աշխուժացման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ համագործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում։
Դեսպան Սմեսովն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությանը և կարևորել Հայաստանի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և շրջանների միջև բարեկամական կապերի ընդլայնումը։
Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ և համոզմունք հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը։

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply