Ա. Շաքարյան. «Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը ներկայիս իշխանության դիրքերի ամրապնդումն էր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2010 14:18

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը ներկայիս իշխանության դիրքերի ամրապնդումն էր, ոչ թե Եվրամիության անդամակցության հարցում առաջընթաց գրանցելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` հավելելով, որ այդ բարեփոխումները ոչ թե ուղղված էին Թուրքիային մոտեցնելու Եվրամիությանը, այլ նախապատրաստելու 2012 թ-ին ի դեմս երկրի ներկայիս վարչապետի` Թուրքիայի առաջին ընտրված նախագահ ունենալուն:

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները շեշտում են, որ Եվրամիությունը նրանց համար այլեւս առաջնային չէ. նրանք ցանկանում են գնալ դեպի Եվրոպա, սակայն Եվրամիությանն անդամակցումը նրանց հիմնական նպատակը չէ, շեշտում են բազմավեկտոր քաղաքականության մասին` ձգտելով հավասարապես մոտ լինել թե Արեւմուտքին, թե Արեւելքին, եւ թե Հյուսիսին` նկատի ունենալով Ռուսաստանը»,- ընդգծեց թուրքագետը: Նրա խոսքով, Թուրքիայում նախագահի պաշտոնը ձեւական բնույթ է կրում, եւ երկիրը հիմնականում ղեկավարում է վարչապետը. Ռ. Թայիփ Էրդողանը ցանկանում է ընտրվել Թուրքիայի նախագահ` դառնալով երկրի «նորօրյա սուլթանը»: «Սահմանադրական բարեփոխումները հիմնականում տարվում էին այլ նպատակով, իսկ եթե դա օգնում է դեպի Եվրամիություն գնալու գործընթացին, դա արդեն հավելյալ արդյունք է Թուրքիայի համար»,- շեշտեց Ա. Շաքարյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ դերակատարում կունենան թուրք-իրանական բարեկամական հարաբերությունները Եվրամիությանն անդամակցության գործում` թուրքագետը նշեց, որ եթե Եվրոպան ցանկանա Թուրքիային ընդունել «իր ընտանիք», ապա հաստատ չի նայի Իրանի հետ Թուրքիայի բարելավվող հարաբերություններին: «Կան ավելի հիմնավոր խնդիրներ, որոնց պատճառով Թուրքիան չի ընդունվում, իսկ թե Հայաստանի հետ սահմանը բաց է, թե փակ, Իրանի հետ հարաբերությունները լավ են, թե վատ, դրանք Եվրոպայի համար պարզապես պատրվակներ են Թուրքիային չընդունելու համար»,- նշեց Ա. Շաքարյանը: Նրա խոսքով, Եվրոպայում կա հստակ առանցք`ամերիկաանգլիականն ընդդեմ գերմանաֆրանսիականի:

Առաջինը կողմ է Թուրքիայի մուտքին եվրամիություն` որպես հավելյալ հզոր դաշնակցի, իսկ վերջինը քաջ գիտակցում է, որ եթե թուրքերը մտնեն Եվրոպա, այլեւս իր ուժը կորչում է: «Եվրամիությունը տնտեսական հսկա է, իսկ Թուրքիայի տնտեսությունը ահավոր հետամնաց է ու անհավասարաչափ զարգացած: Եվրոպայի համար Թուրքիայի անհավասարաչափ զարգացումը արդեն շատ մեծ խնդիր է` չհաշված Կիպրոսի հարցը»,- ասաց թուրքագետը:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply