Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը հեռու է իրականություն դառնալուց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2009 16:56
mhm42786-copy1

Երվանդ Բոզոյան Սուրեն Զոլյան

Այսօր անդրադառնալով  Մադրիդյան սկզբունքների հրապարակմանը  քաղաքագետ Սուրեն Զոլյանը, վկայակոչելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մեթյու Բրայզայի հայտարարությունները՝ ասաց, որ Ղարաբաղյան հարցի լուծումը դեռ շատ հեռու է:

«Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններում 1992 թվականից այս կողմ որևէ էական փոփոխություն չի եղել, սկզբունքներն էլ գրեթե նույնն են, փոփոխվել են միայն որոշ ձևակերպումներ ու անուններ»,- համոզված է  Զոլյանը:

Իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ ժամանակը մեր օգտին է աշխատում և հիշեցնում է Իսրայելի օրինակը, որին տարիներ առաջ որևէ պետություն չէր ճանաչում:

Բոզոյանը համոզված է, որ հակամարտության շուտափույթ լուծումը կարող է հանգեցնել պատերազմի: «Հիմա պատերազմ չկա, քանի որ կա հավասարակշռություն, որի խախտումը կհանգեցնի պատերազմի»,- ասաց նա:

Զոլյանն ասում է, որ բանակցային կողմ ասելով` պետք է հասկանալ ոչ միայն այն անհատներին, ովքեր բանակցություններն են վարում, այլ պետություններին ու ժողովրդներին, որոնք դեռ պատրաստ չեն կարգավորմանը:

ԵՊՀ Տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Մադրիդյան սկզբունքների քողազերծումը մի նոր հանգրվան է բանակցային գործընթացում, սակայն գտնում է, որ եթե մենք 1990- ականներին մի քիչ ավելի ակտիվ լինեինք, ապա վաղուց հասած կլինեինք այսօրվա կետին:

Մանասյանը հրապարակված Մադրիդյան սկզբունքների  մեջ խուճապի համար ոչ մի առիթ չի տեսնում: «Մեր հասարակությունը պարզապես մոգական նշանակություն է տալիս այս փաստաթղթերին: Պետք է այդ ամենը հանգիստ տանել և հիշել, որ ցանկացած փաստաթուղթ իրավաբանական ուժ կունենա միայն այն ժամանակ, երբ դրա տակ կլինի Ղարաբաղյան կողմի ստորագրությունը»,- ասաց նա:

Մանասյանն ասում է, որ հայկական կողմը պիտի պարբերաբար հիշեցնի, որ իրական բանակցությունները, որոնք պետք է լինեն եռակողմ, ընդհատված են, իսկ երկկողմ խորհրդակցությունները նպատակ ունեն վերսկսել բանակցությունները՝ ներգրավելով Ղարաբաղյան կողմին:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply