Գիտության փառատոն Երանում` «Դեպի կանաչ տնտեսություն» նշանաբանով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2010 11:13

Հոկտեմբերի 5-ից 8-ը Երևանում` Մոսկվայի տանը,  առաջին անգամ անց է կացվելու «Երևան գիտության փառատոն-2010» միջոցառումը «Դեպի կանաչ տնտեսություն» նշանաբանով: Փառատոնը նախատեսվում է իրականացնել նույն օրերին կազմակերպվող «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» միջազգային ընդգրկումով երկրորդ համաժողովին համատեղ:

«Երևան գիտության փառատոն-2010» միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես մայրաքաղաքի գիտնականները, հետազոտողները, ուսանողները, դպրոցականները, այնպես էլ գիտատեխնիկական խմբերը, պետական և ոչ պետական հաստատությունները, գիտական կազմակերպությունները և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք կարող են ներկայացնել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում իրենց աշխատանքները:

«Գիտության փառատոն» միջոցառումների շարքը սկիզբ է առել 2000թ-ից Մեծ Բրիտանիայից և այնուհետև տարածվել մի շարք երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ… Դա գիտությանը նվիրված ամենամյա մի տոն է, որի մասնակիցներն ամբողջ հանրությունն է, հասարակության տարբեր շերտերը` ընտանիքի բոլոր անդամները, տարբեր հասակի երեխաներ և երիտասարդներ, մեծահասակներ, տարբեր բնագավառների մասնագետներ, գիտնականներ, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ:

Փառատոնը համակարգում է ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որը ՀՀ ԳԱԱ-ի մյուս գիտական կազմակերպությունների, Ճյուղային նախարարությունների ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև հանրապետության առաջատար համալսարանների, քոլեջների և դպրոցների հետ համատեղ կապահովի միջոցառումների իրականացումը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անց կացնել ցուցահանդես, այցելություններ թանգարաններ և ՀՀ առաջատար գիտական կազմակերպություններ,  հանդիպումներ հանրահայտ գիտնականների հետ, քննարկումներ, կլոր սեղաններ, գիտական արդյունքների և արվեստի նմուշների ցուցադրություններ և այլն:

Փառատոնին ներկայացված նախագիծերը  կարող են  ներկայացվել որպես յուրահատուկ գաղափար, որևէ երևույթի, տեխնոլոգիական նմուշի կամ գիտական արդյունքի ցուցադրություն, որպես մի նորարարություն կամ հայտնագործություն: Ցուցադրությանը կից զկետեղվի  բացատրական գրություն ինչի համար է այն ծառայում, ինչ կիրառական նշանակություն կունենա, ինչ օգուտ կարող է բերել և այլն:

Հեղինակները հստակ և մատչելի կբացատրեն իրենց նախագծի գաղափարը, կպատասխանեն այցելուների հարցերին:

Փառատոնի նախագծերը կարող են ներկայացվել հետևյալ 5 բաժիններով`

  1. Երկիր մոլորակի ապագան երիտասարդների ձեռքերում է,
  2. Բնագիտությունը` կանաչ տնտեսությանը,
  3. Դեպի հասարակական գիտակցության էկոլոգիզացիա,
  4. Գիտական արդյունքի առևտրայնացում,
  5. Արվեստի նմուշներ` «Կանաչ տնտեսություն»  թեմատիկայով:

Լավագույն նախագծերը կխրախուսվեն դրամական պարգևներով:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply