Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հարկադիր պարապուրդում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | July 14, 2009 16:25
Հայ ազգային կոնգրեսն օրերս հայտարարելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների ու ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան հիմնելու մասին: «Ես այդ քարտադարանը ստեղծում եմ Հայաստանի ապագա իշխանությունների համար,- այսօր ասաց հուլիսի 2-ին համաներմամբ ազատ արձակված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը,- ես կձեռնարկեմ բոլոր օրինական միջոցները քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու համար»:
Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ ՀՀ իրավական ու դատական ոլորտում արդարադատության խորն ու համատարած ճգնաժամ է, և քաղաքացին՝ իր սեփական երկրում, իրեն պատճառված վնասի հատուցման խնդրով հայտնվել է մեն-մենակ ողջ պետական ապարատի դեմ:
Խոսելով իր պաշտոնավարման տարիներին հանրության արձանագրած խախտումների ու օրինազանցությունների մասին Ջհանգիրյանը չժխտեց, որ բացթողումներ ու սխալներ եղել են: «Սակայն, եթե ես մի անմեղի դատապարտած լինեի. վստահ եղեք, որ 1 տարի 4 ամիսը բավական ժամանակ էր, որպեսզի Ջհանգիրյանի գործերը խոշորացույցով զննող նախաքննական մարմինները անմիջապես դրանք հայտնաբերած լինեին,- ասում է Ջհանգիրյանը,-հետևաբար հարկ չէր լինի շինծու և կեղծ մեղադրանքներով ինձ քրեական մեղադրանքների ենթարկել»:
Ջհանգիրյանի անվան հետ է կապված Մատաղիսի գործով երեք զինծառայությունների խոշտանգումները, որոնց արդյունքում ստացված ցուցմունքների հիման վրա նրանք ստացան ցմահ ազատազրկում և 3 տարի նստելուց հետո Վճռաբեկ դատարանի դատավճռով արդարացվեցին(տես այստեղ և այստեղ)։ Նաև 1995 թ. խորհրադարանի ընտրությունների և սահմանադրության հանրաքվեի կեղծիքները կապում են նրա անվան հետ, երբ նա այդ ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։
Ըստ Ջհանգիրյանի՝ գործող օրենսդրությունը վատը չէ, սակայն խնդիր կա օրենքների գործադրման ու կիրառման: «Եթե օրենքը չի կիրառվում, մենք չենք կարող ասել, թե այդ օրենքի հատկապես որ դրույթն է վատ, կամ ինչ շտկման կարիք կա»,- ասում է Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանը իրեն պաշտոնանկ անելու փաստը չի ընդունում և համարում է թե դեռևս ինքը գլխավոր դատախազի տեղակալ է «սակայն գտնվում եմ հարկադիր պարապուրդում»,- իր կարգավիճակը հստակեցրեց Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանը հեռացվեց գլխավոր դատախազի պաշտոնից 2008-ի փետրվարի 23-ին այն բանից հետո երբ ելույթ ունեցավ ընդդիմության բողոքի հանրահավաքում։ Նրան ազատեցին այն հիմնավորմամբ, որ ըստ օրենքի, դատախազության աշխատակիցը իրավունք չունի մասնակցել քաղաքականությանը։






Facebook
Tweet This
Email This Post
