Քննարկվել են պիլոտային ծրագրի արդյունքները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 27, 2010 20:12

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են խոշոր բուժհաստատությունների տնօրեններ։ ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը զեկուցել է համավճարի սկզբունքի կիրառմամբ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում հուլիս-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների մասին։ Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են պետական պատվերի համակարգի բարեփոխմանը, ստվերայնության վերացմանն ու առողջապահական ապահովագրության զարգացմանն առնչվող հարցեր։ Կառավարության ղեկավարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել պիլոտային ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ ֆինանսական հոսքերի բացահայտումը հնարավորություն է տալիս վերացնել ստվերային վճարները ու բարելավել բարոյական միջավայրը բուժհաստատություններում։ Նա կարևորել է գնագոյացման մեխանիզմի, այն է` մատուցվող ծառայությունների շուկայական գնի ամրագրումը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը։ Ամփոփելով քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները` վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել ծրագրի հետագա միջոցառումների ժամանակացույց։

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply