Լույս» հիմնադրամն այս տարի կրթաթոշակ է հատկացրել 68 ուսանողի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 27, 2010 19:07

«Լույս» հիմնադրամի 2010-2011 ուստարվա չորս կրթաթոշակառու այսօր մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարան` մագիստրոսական կրթություն ստանալու: Նշենք, որ կրթաթոշակառուների մեծ մասն արդեն մեկնել է համապատասխան համալսարաններում ուսանելու:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Լույս» հիմնադրամի տնօրենի օգնական եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը, ընդհանուր առմամբ, հիմնադրամն այս տարի կրթաթոշակ է հատկացրել 68 ուսանողի: «Շատերն արդեն մեկնել են իրենց համալսարաններ, իսկ մի քանիսի ուսումնական ծրագիրը մեկնարկում է ձմռանը, ուստի նրանք կմեկնեն ավելի ուշ: Քեմբրիջի համալսարանում ունենք հինգ ուսանող, որոնցից մեկի ծրագիրն սկսվում է ձմռանը եւ տեւելու է չորս տարի, քանի որ ասպիրանտական (PhD) է:

Մյուս չորս ուսանողներինը մեկամյա մագիստրոսական ծրագրեր են»,-նշեց Ա. Էվոյանը: Այսօր մեկնած ուսանողներ Արամ Մուղալյանը Քեմբրիջում մագիստրոսի որակավորում է ստանալու մենեջմենթի ոլորտում, Նվարդ Չալիկյանը՝ միջազգային հարաբերությունների, Ռուզաննա Սարգսյանը՝ բիզնեսի կառավարման, եւ Ստեփան Խզրթյանը՝ իրավագիտության: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամին դիմող ուսանողները պետք է լինեն Հայաստանի քաղաքացի կամ ունենան հայկական արմատներ: Դիմորդները նաեւ պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը:

«Բացի այս երկու պայմաններից, մեզ դիմող ուսանողները պետք է ընդունված լինեն 2010-2011 ուսումնական տարվա համար հաստատված համալսարանների ցանկից որեւէ մեկը»,-ընդգծեց Ա. Էվոյանը: «Լույս»-ի լավագույն 25 համալսարանների ցանկը կազմվել է` համաձայն ամերիկյան «Նյուզ ռիփորթ»-ի` աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշային ցանկի: Ընտրվածների թվում են նաեւ Հարվարդի, Չիկագոյի, Քեմբրիջի, Տոկիոյի համալսարանները:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply