«Քարահունջի» առեղծվածն ու մարդկային գործոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 28, 2010 12:10

Սեպտեմբերի 6-27-ը Սիսիանից 3 կմ հյուսիս գտնվող «Զորաց քարեր» կամ  «Քարահունջ» պատմահնագիտական հուշարձանի շուրջ հետազոտություններ է կատարում Օքսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախումբը:

«Զորաց քարեր» հուշարձանախմբի տարիքը թվագրվում է 6000-8000 տարվա սահմաններում: Այն դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ:  Հայտնի են Պարիս Հերունու հետազոտությունները, որոնց համաձայն, այն 7500 տարի առաջ եղել է սրբավայր և ծառայել է որպես աստղադիտարան:

Քարահունջը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի համալիր է, զբաղեցնում է մոտ երեք հեկտար տարածություն: Տեղացիների  շրջանում պահպանված բազմաթիվ ավանդություններ կան, ըստ որոնց` այդ  տարածքում հնարավոր է ձերբազատվել ախտածին էներգիայից  և բուժվել տարբեր հիվանդություններից:

«Այդպիսի տեսություն կա, որ նմանատիպ հուշարձանները կառուցված են կյանքի համար կենսական դրական էներգիայի կենտրոնացման վայրերում, և այդ տեղերում մարդիկ մի տեսակ լիցքավորվել են նոր կենսական էներգիայով,- ասում է «Զորաց քարերի բարեկամներ» ակումբի քարտուղար Վարդան Բալյանը:- Անցյալ տարի  ֆրանսիացի ուսումնասիրողները  համապատասխան սարքերի միջոցով էնտեղ չափումներ են արել: Մագնիսական դաշտի նախնական տվյալները, որ տրամադրված են մեզ, վկայում են, որ հուշարձանախմբի տարածքում քարերի շարվածքի գծով բիոդաշտն ավելի է ուժեղանում, քան այդ շարվածքից դուրս»: Բալյանի խոսքով` բազմաթիվ այդպիսի հուշարձանների ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տիպի «հենջերը»  հիմնականում տեղակայված են երկրի ուժային վայրերում, որտեղ էներգաինֆորմացիոն ինչ-որ գծեր են հատվում: Նա համարում է, որ դա գիտական հիմքից զուրկ չէ, և  հղում է անում Պարիս Հերունու աշխատություններին, որտեղ այդ մասին նույնպես անդրադարձ կա:

«Աստղեր և քարեր» գիտական արշավախումբը բաղկացած է 5 հոգուց, որից երեքը Օքսֆորդի համալսարանում սովորող հայ ուսանողներ են: Խմբի ղեկավար Միհրան Վարդանյանն ասում է, որ իրենց նպատակը հուշարձանախումբը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգություն» (World heritage) ցանկում ընդգրկելն է: Նրանք մոտ 2 ամիս առաջ այդպիսի առաջարկով նամակ են հղել վարչապետին, քանի որ դա պետության գործառույթն է:  «Մենք մեր աշխատանքով կարող ենք նպաստել դրա ճանաչմանը,- ասում է Վարդանյանը,- բացի այդ, մենք խնդրել ենք միջոցներ տրամադրել երկրորդ փուլն անցկացնելու և համապատասխան սարքավորում ձեռք բերելու համար»:

Խմբի աշխատանքը նոր տեխնոլոգիաներով չափագրումն է: Առաջին փուլում նրանք կատարել են մանրակրկիտ նկարահանումներ: «Սակայն ուզում ենք, որ լինի նաև  լազերային սկանավորում, որպեսզի տեղանքի եռաչափ մոդելն ունենանք,- ասաց  Վարդանյանը` օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացնելով աշխատանքի արդյունքները,- եթե, օրինակ, երկրաշարժի կամ այլ չնախատեսված հետևանքով քարերը տեղաշարժվեն կամ վնասվեն, մենք կունենանք էլեկտրոնային տարբերակը, որտեղ Քարահունջը կլինի այնպես, ինչպես կա: Լազերային սկանավորումը բավական թանկ է: Միայն այդ սարքն արժե մոտ 200.000 դոլար»:

Արշավախմբի անդամ Վանենի Դադոյանն ասաց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելուց հետո հուշարձանախումբը հետաքրքրություն կարող է առաջացնել «հենջերով» զբաղվող այն գիտնականների շրջանում, ովքեր չգիտեն Քարահունջի գոյության մասին: «Բացի այդ, դա կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը,- ասաց նա:- Անգլիայում տարեկան կտրվածքով Սթոունհենջ է այցելում   ավելի քան 4 մլն մարդ, եթե Հայաստան գա գոնե դրա 10 տոկոսը, ապա դա  մեծ արդյունք կլինի»:

Վարդան Բալյանը, որ աջակցել է արշավախմբի աշխատանքներին, ասում է, որ կարծիք է ձևավորվել, թե զբոսաշրջային հոսքերը կարող են վնաս հասցնել հուշարձանին:  «Անկառավարելի հոսքերն իրոք կարող են վնաս հասցնել, սակայն պետք է ձգտել այդ հոսքերը դարձնել կառավարելի,- ասում է նա,-   բայց դա չի նշանակում հուշարձանը փակել զբոսաշրջիկների, միջազգային կամ տեղական ուսումնասիրողների համար, դա ընդամենը նշանակում է՝ միջոցներ ձեռնարկել Զորաց քարերի ռեսուրսը զբոսաշրջային նպատակով շահագործելու համար»:

Կառավարության   2009 թ.հունիսի 26-ի որոշմամբ «Զորաց քարեր» հուշարձանախմբին տրվել է  պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, և այդ տարածքը հսկվում է  պետական մարմինների կողմից:

Բալյանի խոսքով` Սիսիանի շրջանը զարգացնելու համար, որն ամենամեծ սահմանն ունի Ադրբեջանի հետ, ամենահավանական ոլորտները տուրիզմն ու գյուղատնտեսությունն են:

Աշխարհում հայտնի է մոտ 100 «հենջ», որոնցից ամենահայտնին անգլիական Սթոունհենջն է, ֆրանսիական Կառնակին, հոլանդական Նյու րեջը: Վարդան Բալյանն ասում է, որ հուշարձանախմբով զբաղվող բոլոր գիտնականների պնդմամբ`  աշխարհի մյուս 100 «հենջերի» հետ համեմատած` Քարահունջը լավագույնս պահպանված հուշարձանն է. «Եվ այդ հուշարձանը պահպանվել է ոչ թե ինչ-որ հատուկ պահպանության ռեժիմի օգնությամբ, այլ` նախևառաջ տեղացիների` իրենց նախնիների ժառանգության նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ»:

«Քարահունջի» բարեկամը, սակայն, փաստում է, որ դարերի ընթացքում հուշարձանին հասցված բոլոր  վնասները անտրոպոգեն (մարդածին) ծագում ունեն. «բայց այն հիմնականում ավերվել է քրիստոնեության տարածման շրջանում, որպես հեթանոսական տաճար»:

Հուշարձանի բոլոր քարերը բազալտից են, և նրանց մի մասի վրա անցքեր կան: Ենթադրաբար` այդ անցքերն ուղղված են դեպի  երկնակամարի տարբեր օբյեկտները: Դա է հենց Քարահունջի առանձնահատկությունը, որով այն տարբերվում է մնացած «հենջերից»:

«Բազմաթիվ տեսություններ կան, թե ինչի համար է ստեղծվել «Քարահունջը»,- ասում է արշավախմբի անդամ Նիկոլաս Հովարդը,- մենք վստահ կարող ենք ասել, որ  այն ստեղծված է պարզելու համար մարդու տեղը տիեզերքում և աստղադիտական նշանակություն ունի: Դա  բացատրում է, թե մարդիկ որտեղ էին գտնվում տարվա տարբեր եղանակներին: Սա շատ կարևոր է, որովհետև նշում է  որսորդական, հավաքչական հասարակությունից անցում դեպի ավելի նստակյաց կյանքի»:

Նիկոլասը նույնպես Օքսֆորդի համալսարանից է: Նա հետաքրքրվում է  լաբիրինթոսներով: Անցյալ տարի համալսարանը նույնանման արշավախումբ էր գործուղել  Հունաստանի թաքնված լաբիրինթոսներից մեկի ուսումնասիրության համար, որն աշխարհին հայտնի չէր:  Արդյունքում անդրադարձ է եղել «National Geografic»-ում, և ֆիլմ է պատրաստվում այդ լաբիրինթոսի մասին: Իսկ Նիկոլասի մասնակցությամբ նույնանման մի այլ հետազոտության արդյունք Ավստրալիայում հանգեցրել է այդ հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելուն:

Այս ասուլիսից հետո լրագրողների հետ հանդիպում է Սլավոնական համալսարանի դասախոս, դոցենտ Վաչագան Վահրադյանը և հայտարարում, որ խմբի ներկայացրած ծրագրի հիմքում ընկած են «Քարահունջին» վերաբերող իր արած հետազոտությունները, և խումբը պետք է աշխատեր իր հետ միասին:

Վահրադյանի վարկածի համաձայն`  հուշարձանն  արտացոլում է Անգղի (Կարապի) համաստեղությունը, ինչպես նաև բանալի ունի, որի բացահայտումը կօգնի հասկանալու աշխարհի մնացած «հենջերը», քանի որ բոլոր «հենջերն» իրար հետ կապված են:

Վահրադյանն «Անկախին» ասաց, որ Միհրանն իր ուսանողն է եղել, նրա դիպլոմի գիտական ղեկավարն ինքն է եղել. «Նա սովորում էր արդեն Օքսֆորդում, երբ մի անգամ Երևանում եղած ժամանակ այցելեց ինձ, ու ես  մտերիմ զրույցի ընթացքում  պատմեցի նրան իմ աշխատանքների մասին ու ասացի, որ եթե դա չի խանգարի նրա ուսումնառությանը, կարող է իմ հետազոտությունների արդյունքները ներկայացնել Օքսֆորդում»: Նա ասում է, որ Միհրանը գողացել է իր հեղինակային իրավունքն ու «Ամերիկայի ձայնով», «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված հարցազրույցների ընթացքում մեկնաբանը «Քարահունջին» վերաբերող իր աշխատանքները վերագրել է Միհրանին: «Ես ունեմ նրա նամակը, որում նա շնորհակալություն է հայտնում ինձ` որպես ղեկավարի, որ ես այդպես լավ սովորեցրել եմ իրեն, ու նա այդ գիտելիքների հիման վրա ընդունվել է Օքսֆորդ»,- ասում է Վահրադյանը:

Մինչդեռ Միհրան Վարդանյանը «Անկախի» հետ զրույցում ժխտեց, որ իր ղեկավարը եղել է Վահրադյանը: Նա ասաց, որ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, և իր գիտական ղեկավարը եղել է Ավետիս Սադոյանը. «Վահրադյանի հետ մի անգամ խորհրդակցություն է եղել «Քարահունջի» մասին»: Վահրադյանն ասել էր, որ դասավանդել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում:

«Մեր խումբը պատրաստ էր աշխատել Հայաստանում «Քարահունջի» վերաբերյալ  որևէ միտք կամ գաղափար ունեցող մարդկանց հետ և, այո, մենք պետք է աշխատեինք Վահրադյանի հետ,- ասաց նա,- սակայն հետո ես իմացա, որ նա մեր խմբի անունից ինչ-որ գումարներ է վերցրել ինչ-որ մարդկանցից և խոստացել, որ կոմերցիոն ֆիլմ է նկարվելու, որը ծրագրով նախատեսված չէր, բացի այդ, ծրագիրը կոմերցիոն չէ, դրա արդյունքները պատկանում են մարդկությանը»:

Վարդանյանն ասում է, որ Օքսֆորդի համալսարանն ամեն տարի արշավախմբեր է ուղարկում տարբեր երկրներ: Իրենց խումբը ներկայացրել է  «Քարահունջին» վերաբերող ծրագիրն ու շահել այն: Նա ասում է, որ ծրագիրն արժի 3800 ֆունտ ստեռլինգ, որը ծածկում է միայն իրենց ճանապարհածախսը. «Մնացած աշխատանքները մենք կատարում ենք մեր գրպանի հաշվին. դա ընդամենը ուսանողական նախագիծ է»: Ծրագրի հիմքում ընկած են եղել «Քարահունջին» վերաբերող առկա բոլոր հետազոտություններն ու աշխատանքները, այդ թվում` Պարիս Հերունու և Վաչագան Վահրադյանի աշխատությունները:

Վահրադյանն ասում է, որ ստացած դրամաշնորհը, որով իրականացվում է ծրագիրը, ըստ օրենքի` պետք է իրականացվի հեղինակի մասնակցությամբ: Վարդանյանը չի ժխտում Վահրադյանի նախնական մասնակցությունը խմբի աշխատանքներին, սակայն ասում է, որ իրենց հետագա համագործակցությունը հնարավոր չեղավ շարունակել:

Դիտվել է 2600 անգամ:
Print Friendly

Leave a Reply