ՀԱՊԿ-ն ձեռնամուխ է եղել արագ արձագանքման ուժերի ձեւավորմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 27, 2010 15:02

Հայաստանում օգոստոսին անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների նախագահների ոչ ֆորմալ գագաթնաժողովն արձանագրել է լավ արդյունքներ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին նշեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ավելացնելով, որ կազմակերպությունն արդեն ձեռնամուխ է եղել ճգնաժամային իրավիճակներում գործելու նպատակով արագ արձագանքման ուժերի ձեւավորման աշխատանքներին: Ըստ ԱԱԽ քարտուղարի` այս աշխատանքներում ակտիվորեն ներգրավված է նաեւ Հայաստանը:

«Այս ուժերը, կազմակերպության որոշմամբ, որի իրավակարգն ընդունվելու է դեկտեմբերին, կօգտագործվեն պատերազմական եւ ընդհանրապես, ճգնաժամային իրավիճակներում»,- նշեց Ա. Բաղդասարյանը: ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանը ձեռնամուխ է եղել նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը: Մասնավորապես, այս ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության հետ, որի արդյունքում համատեղ ստեղծվելու են ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ:

«Ռազմաարդյունաբերության ոլորտում այլ երկրների հետ համագործակցության նոր գործողություններ եւս կլինեն: Կոնկրետ եւ հստակ գործողությունների պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն նաեւ Բելառուսի հետ»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Վերջինս ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը կարեւորում է նաեւ սոցիալական խնդիրների լուծման, հետագայում միջազգային շուկաներ մուտք գործելու տեսանկյունից:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply