Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահը խնդրել է ՀՀ իշխանություններին վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 27, 2010 14:19
Սեպտեմբերի սկզբին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին էր ներկայացրել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի խնդրանքը՝ միջնորդելու Հայաստանի իշխանություններին` Ադրբեջանին վերադարձնելու հուլիսի 19-ին Արցախի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ խնդրի առնչությամբ Նորին սրբությունը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ներկայացնելով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի խնդրանքը:
Քննարկման արդյունքների մասին Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է Ռուսաց պատրիարքին՝ փոխանցելով, թե հայկական կողմը մշտապես բարյացակամ է գտնվել եւ «Կարմիր Խաչ» միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհված զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին, մինչ Ադրբեջանը ոչ միայն դադարել է նույն կերպ վարվել, այլեւ հաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու ԼՂՀ տարածք, ինչը բնավ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը:
Հայկական կողմը պատրաստակամ է քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի՝ վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին:






Facebook
Tweet This
Email This Post
