Տավուշի մարզում մեղրի առատ բերք է սպասվում

Օրվա լուր | | July 14, 2009 15:03

Այս տարի Հայաստանում մեղրի առատ բերք է սպասվում. գյուղացիներն ասում են, որ այս տարվա կլիման շատ նպաստավոր է:

Տավուշի մարզի Չորաթան գյուղի ամենահայտնի մեղվապահը 69-ամյա Սերոժ պապն է, 66 փեթակ ունի, այս տարի մոտ 250կգ մեղր է սպասում` նախորդ տարվա 100 կգ-ի փոխարեն: Մեղրի 1 կգ գինը տեղում 2500 դրամ է. եթե մեղրաբերքը լավ իրացվի, Սերոժ պապի այս տարվա եկամուտը կկազմի 2000-2300 դոլար:

«Մեղրը շատ ա լինում, եթե շուտ-շուտ են անձրևներ գալիս, և բոլ-բոլ ծաղկունք ա լինում. այս տարին հենց ըտենց ա»,-ասում է մեղվապահը:

Չորաթանում, ինչպես նաև մարզի մնացած գյուղերում, մեղվապահությունը վերջին տարիներին առաջ է անցել գյուղատնտեսության մնացած ճյուղերից: Չորաթանը մարզի ամենափոքր գյուղերից է, մեղվապահությամբ զբաղվում է մոտ 45 ընտանիք, փեթակների թիվը հասնում է 350-ի:

Սերոժ պապն ասում է, որ միակ մտահոգությունը մեղրը վաճառելն է: Մնացած տարիներին նույնիսկ մեղրի քիչ քանակության դեպքում գյուղացիների համար դժվար է եղել այն իրացնելը:

Այստեղ մեղրը հիմնականում գնում են մայրաքաղաքում վերավաճառելու համար` այն էլ 20կգ-ից ոչ ավել: Մեղրն ամբողջությամբ չի վաճառվում, հնանում է և վաճառքի համար դառնում ոչ պիտանի:«Մեղու պահելու ծախսը մեծ ա, շաքար ա պետք, նոր փեթակներ, փեթակների տեղափոխում, դեղամիջոցներ, բոլորը մեծ փողերի հետ ա կապված, գոնե մի բան օգուտ չստանանք»,ասում է Սերոժ պապը:

Դիտվել է 1998 անգամ:
Print Friendly

Leave a Reply