Ալ-Քաիդան սպառնում է վրեժ լուծել ույղուրների մահվան համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հուլիսի 14, 2009 16:46

Բեն ԼադենԱլ–Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է չինական Ուրումչի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով սպանված մահմեդական ույղուրների համար վրեժ լուծել չինացիներից: Այն հայտարարել է, որ հարձակման թիրախ կդարձնի հյուսիս–արևմտյան Աֆրիկայում ապրող չինացի աշխատավորներին. այս մասին այսօր հաղորդել է չինական «South China Morning Post» պարբերականը:


Չինացիներին սպառնացել է Ալ–Քաիդայի Ալժիրի մասնաճյուղը, որտեղ ապրում են մոտ 50 հազար չինացիներ: Սև մայրցամաքի հյուսիս–արևմուտքում և Մերձավոր արևելքում ապրում և աշխատում են մի քանի հարյուր հազար չինացիներ:


Թերթը հաղորդում է, որ ահաբեկչական կազմակերպությունը տեղեկություններ է հավաքում մահմեդական երկրներում ապրող չինացիների մասին:

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանն այսօր հայտարարել է, որ արտասահմանյան ուժերը չպետք է աջակցեն անջատողականությանը, ծայրահեղականությանը և ահաբեկչությանը`Չինաստանի ազգային անվտանգությունը խարխլելու նպատակով:

ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, առանց կոնկրետ երկրներ մատնանշելու, ասել է, որ Չինաստանն անհերքելի ապացույցներ ունի, ըստ որոնց`Ուրումչիի անկարգությունները կազմակերպել են արտասահմանից:


Հուլիսի 5-9-ը Չինաստանի Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 184 մարդ՝ անկարգությունների վայրում ապրող ույղուրներ և չինացի հաներ, 1000-ից ավել մարդ վիրավորվել է:

Դիտվել է 1229 անգամ:

Leave a Reply