Տաթևի վանք տանող ճոպանուղին կլինի աշխարհում ամենաերկարը

Օրվա լուր | | July 14, 2009 16:24

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից դեպի Տաթև վանական համալիր կկառուցվի 5,7 կմ երկարությամբ ճոպանուղի. պայմանագիրը կնքվեց այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) խորհրդի անդամ Արտաշես Կազախեցյանի և շվեյցարական «Գարավենտա» ձեռնարկության (աշխարհի ամենախոշոր ճոպանուղիներ կառուցող ձեռնարկությունն է) վաճառքների գծով փոխնախագահ Փիթեր Բրաումանի, ծրագրերի ղեկավար Նիկլաուս Մոզերի կողմից: Ճոպանուղու կառուցման աշխատանքների համար պայմանագրով նախատեսվում է 6.8 մլն եվրո:

Ճոպանուղու կառուցումը մաս է կազմում ՀԱՄՀ «Տաթևի վերածնունդ և վերակառուցում» եռամյա ծրագրի, որը մեկնարկել է 2009թ. փետրվարին:

Ծրագրի նպատակն է հոգևոր և պատմամշակութային բարձր արժեք ունեցող Տաթևի համալիրի վերականգնման միջոցով նպաստել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

Տաթևի ճոպանուղին` որպես մարդատար տրանսպորտ,  լինելու է աշխարհում ամենաերկարը: Նախատեսվում է  շահագործել տարվա բոլոր եղանակներին` յուրաքանչյուր ուղղությամբ տեղափոխելով 25 ուղևոր: Ուղևորավարձի արժեքը դեռ ճշտված չէ:

«Տաթևի վերածնունդ և վերակառուցում» ծրագիրն իրականցվում է ՀԱՄՀ-ի կողմից` ռուսաստանցի հայազգի բարեգործների («Ռուբեն և Վերոնիկա Վարդանյանների ընկերներ» հիմնադրամ)  ստեղծած «Տաթև Ֆաունդեյշն» և ԱՌԳԱ  հիմնադրամների ֆինանսավորմամբ:

Փիթեր Բրաումանն ասում է, որ «Գարավենտան» տարեկան կառուցում է 100-200 ճոպանուղի, իսկ իր ողջ պատմության ընթացքում կառուցել է մոտ 17,000 նմանատիպ կառույցներ: «Մենք աշխատում ենք եվրոպական նորագույն ստանդարտների համաձայն և ապահովում ենք մաքսիմալ անվտանգություն, և ընդհանրապես ճոպանուղին ավելի անվտանգ փոխադրամիջոց է, քան, օրինակ, ինքնաթիռը»,- ասում է «Գրավենտայի»վաճառքների գծով փոխնախագահը:

«Ճոպանուղու կառուցումն ունի տուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ,-ասում է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը,-Բուն աշխատանքները կսկսեն այս սեպտեմբերի կեսերից և կտևեն մոտավորապես մեկ տարի»:

Դիտվել է 3062 անգամ:
Print Friendly

Leave a Reply