Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմը կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 14, 2009 14:30
Այսօր Երևանի «Կոնվերս բանկում» կայացավ բասկետբոլի «Հատիս» ակումբի շնորհանդեսը: Այս բանկը ստանձնել է բասկետբոլի այս ակումբի գլխավոր հովանավորի պարտականությունը: «Կոնվերս բանկի» մասնաճյուղերի և բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանը, ով նախկինում բասկետբոլիստ է եղել, հայտնեց, որ նախկինում փառաբանված «Հատիս» բասկետբոլիստուհիների ակումբի ավանդույթները վերականգնելու, ընդհանրապես այս մարզաձևը Հայաստանում վերակենդանացնելու նպատակ կա, և դրա համար հեռանկարային ծրագիր է մշակվել:
Ներկայումս «Հատիս» տղամարդկանց և կանանց թիմերը խաղում են բասկետբոլի` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում: Նախատեսվում է, որ ակումբի կանանց թիմն այս տարի աշնանը կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարին: Հնարավոր է, որ թիմի կազմն ուժեղացնելու համար խաղացողներ հրավիրվեն արտասահմանյան տարբեր երկրներից: «Անկախ»-ի այն հարցին, թե ինչու նորաստեղծ «Հատիս» ակումբն է մասնակցելու եվրոպական գավաթային մրցաշարին և ոչ Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոնը կամ մրցանակակիրը, բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանեց, որ քանիցս այդ հարցով դիմել են նախորդ առաջնությունում 1-ին և 2-րդ տեղեր զբացեցրած «Գրանդ Քենդի» թիմի և Գյումրիի մանկավարժական համալսարանի հավաքականի ներկայացուցիչներին, սակայն ոչ մի արձագանք չի եղել: Փոխարենը Եվրոպա դուրս գալու պատրասկամություն է հայտնել բասկետբոլի «Հատիս» կանանց թիմը: Նա նշեց նաև, որ մեկ շաբաթ անց Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության վիճակահանթյունը, և կպարզվի, թե որ թիմն է լինելու «Հատիսի» մրցակիցը:






Facebook
Tweet This
Email This Post
