Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 26-ին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 25, 2010 16:41
Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 26-ին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այն հաստատել է Ներսես Շինող կաթողիկոսը 653թ: Տոնը շարժական է եւ ի տարբերություն Սուրբ Խաչի մյուս երեք տոների, որ նշում են նաեւ քրիստոնեական մյուս եկեղեցիները, հատուկ է միայն հայ եկեղեցուն: Եկեղեցական ավանդության համաձայն` սուրբ Հռիփսիմյանց կույսերը, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (243-313թ.թ.) հալածանքներից, Հայաստան են գալիս եւ հաստատվում Վարագա լեռան վրա` Վանի հարավարեւելյան կողմում: Սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր մի մասունք Քրիստոսի խաչափայտից:
Լինելով Կլավդիոս կայսեր տոհմից` նա այդ մասունքը Պատրոնիդե թագուհուց էր ստացել: Զգալով, որ քրիստոնեական հավատի սկզբունքներն անխախտ պահելու համար իրեն մահվան են դատապարտելու, սուրբ Հռիփսիմեն խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան վրա: Հռիփսիմյանց նահատակությունից հետո ժողովուրդը ավանդաբար փոխանցում էր, որ Սուրբ Նշանը պահված է նշված վայրում, սակայն ստույգ տեղը ոչ ոք չգիտեր: Ճգնությամբ ապրելով այս լեռան վրա` Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելն անդադար աղոթում էին, որ Աստված ցույց տա սրբազան մասունքի տեղը: 653թ հայտնվում է խաչանիշ պայծառ լույս` տասներկու լուսե սյուներով շրջապատված, որ ցույց էր տալիս սուրբ Նշանի տեղը: Տեսիլքը մնում է շուրջ տասներկու օր. այն նկատվում է հեռուներից` ուխտի կանչելով թե հոգեւորականների, թե աշխարհավորների: Մեծ ցնծությամբ են տոնում հայերը պահապան Խաչի այս հրաշքը` այն ընկալելով որպես արաբական արշավանքներին ընդդիմանալու երկնային զորություն:
Վարագա լեռան գագաթին ու ստորոտին Ներսես Շինող կաթողիկոսը հիմնում է Վերին ու Ներքին եկեղեցիները: Այստեղ Խաչափայտի մասունքը պահվում է մինչեւ 1237թ, երբ վանահայր Ղուկասը, Ջալալեդինի հրոսակներից հալածված, Սուրբ Նշանը տեղափոխում է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության մենաստան` այժմ` Հայաստանի Տավուշի մարզի Վարագավան գյուղից 2 կմ արեւմուտք գտնվող Նոր Վարագավանք:






Facebook
Tweet This
Email This Post
