Համշենում` կարծես փոքրիկ Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 25, 2010 16:01

Համշենում պահպանված են հայկական կենցաղը, սովորույթները. այնպիսի տպավորություն է, ասես գտնվում ես փոքրիկ Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆոսոր Էդիկ Մինասյանը` ներկայացնելով հուլիսի 25-ից օգոստոսի 4-ը շուրջ 30 պատմաբաններից եւ պատմաաշխարհագրության մասնագետներից կազմված խմբի հետ իր այցը Արեւմտյան Հայաստան:

Խումբն այցելել է նաեւ Արդահան, Արդվին, Մալաթիա, Զեյթուն, Սասուն, Մուսա լեռ: Է. Մինասյանի տեղեկացմամբ` Համշենում հանդիպել են տեղաբնակ հայերի, որոնց հետ զրույցները հուզումնալից տպավորություն են թողել: «Չափազանց հուզումնալից էր այն հանգամանքը, որ այլ պետության տարածքում, որը մեր հայրենիքն է, լսվում է հայոց խոսքը»,- նշեց նա` ավելացնելով, որ թեեւ համշենահայերն իրենց ազատ էին զգում, այնուամենայնիվ, նրանց գործողությունների մեջ զգուշավորություն էր նկատվում: Նա ցավով արձանագրեց, որ տեղի հայերը մահմեդականացված էին: Խմբի անդամների հետ զրույցում համշենահայերը զգուշավորությամբ պարբերաբար նշել են, որ թուրքական քաղաքականության մեջ խտրականությունը հիմնականում դրսեւորվում է պաշտոններ նշանակելիս. հայերին թույլ չի տրվում զբաղեցնել վարչական եւ քաղաքական պաշտոններ:

Է. Մինասյանի կարծիքով` այնուամենայնիվ, թուրքերի եւ համշենահայերի միջեւ որոշակի թշնամանքը պահպանվում է: «Մենք եղանք նաեւ Մուսա լեռան Վագֆ գյուղում, որը միակ ամբողջապես հայաբնակ գյուղն է Արեւմտյան Հայաստանում, եւ ուրախությամբ արձանագրեցինք, որ հայերն այստեղ չափազանց հայրենասեր են` նվիրված հայրենի հողին. այնտեղ նույնիսկ հայկական գործող եկեղեցի կար»,- հավելեց նա:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply