18 շատ օգտակար մթերք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 27, 2010 6:00

Առողջ մարմնում առողջ հոգի չի կարող լինել, եթե առողջ սնունդ չլինի: Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ որոշ մթերքներ բուժում են որոշակի հիվանդություններ, նվազեցնում քաղցկեղային ու սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

Առողջ սիրտ

Երբևիցե լսած կա՞ք, որ իտալական  ռեստորանում մեկը  սրտի կաթված տարած լինի:  Պատճառն այն է, որ իտալական խոհանոցում հաճախակի օգտագործվող մթերքները կոփում են սիրտը:

1.Տոմատի սոուս. իտալական խոհանոցի բաղադրիչ հանդիսացող սոուսը ձեզ նրբիրան չի դարձնի, սակայն  կլավացնի ձեր սրտի աշխատանքը: «Մեղավորը»  հակաօքսիդանտ լիկոպենն է, ինչով հարուստ են տոմատները:

2.Զեյթունի ձեթ. այն չհագեցած ճարպ է, որը նույնպես իր լուման ունի սիրտանոթային համակարգի աշխատանքի լավացման գործում:

3.Սխտոր. չեք ուտում  հոտի պատճառո՞վ: Իզուր: Չի բացառվում, որ այն ամենաօգտակար մթերքների շարքում  առաջին տեղը գրավի: Սոխազգիներում առկա շատ հակաօքսիդանտներ իջեցնում են խոլեստերինի մակարդակը, պայքարում ճնշման ու արյունամակարդների դեմ: Իսկ եթե գերադասում եք սխտորը ճաշի մեջ, ապա արեք այդ  կաթսայի տակ կրակն անջատելուց մեկ րոպե առաջ (ի դեպ, սխտորի հոտը կարելի է չեզոքացնել մի քանի կում կաթով):

4.Թյուննոս(ձուկ). հարուստ է թթուներով և նույնպես արդյունավետ է սիրտանոթային հիվանդությունների դեպքում:

Լավ տրամադրություն

Այո, հնարավոր է, որ կրեմով մեծ կարկանդակն իսկապես էլ բարձրացնի ձեր տրամադրությունը մինչև քաշի ստուգումը… Սակայն կան մթերքներ, որոնց քիմիական բաղադրությունը նույն ցանկալի  արդյունքը կապահովեն:

5.Սպանախ. սա մայրիկի պատրաստած կոտլետը չէ և ոչ էլ թխվածք է, սակայն կարող է համարվել բարձր տրամադրության երաշխիք:

6.Կաթ. եթե լարված աշխատանքային օրվա վերջում չեք կարողանում հանգստանալ կամ քնել, մի բաժակ տաք կաթը քնաբերի (սակայն  անվնաս) ազդեցություն կունենա ձեզ վրա: Առավոտյան զվարթ կլինեք, և նախորդ օրվա հոգնածության հետքն անգամ չի լինի:

7.Նուշ. սննդաբանները հավատացնում  են`  քանի որ  ընկույզները շատ հարուստ են սելենով, ուրեմն նախաճաշին մի բուռ ընկույզը կապահովի ողջ օրվա բարձր տրամադրությունը:

Հավերժ երիտասարդ

Նուրբ ու մաքուր մաշկ ունենալու համար կերեք՝

8. Ձմերուկ. այն ոչ միայն լվանում է երիկամները, այլև խոնավացնում է մաշկը` հարթելով այն:

9. Նարինջ. այն ևս ցանկացած այլ ցիտրուսի նման թարմացնում  և ձգում է  մաշկը:

10. Ելակ. 100գ հատապտուղն   ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ C վիտամինի օրական չափաբա-ինը: Այն ոչ միայն համեղ է, այլև գրեթե ոչ մի կալորիա չի պարունակում:

11. Վարսակաձավար. ցինկով հարուստ այս մթերքը կազատի մաշկային մի քանի խնդիրներից: Համեմիր  շիլան մեղրով կամ էլ բանան ճզմիր. այն կդառնա համեղ ու շատ օգտակար:

Գեղեցիկ ժպիտ

12. Պինդ պանիր. այն կփրկի կարիեսից: Օրինակ` «Չեդդեր» պանիրն անողոք է բերանի խոռոչում ապրող   մանրէների նկատմամբ: Իսկ  կալցիումով ու ֆոսֆորով հարուստ պանրատեսակներն  ամրացնում են ատամների էմալը:

Առողջ փոր

Գաստրիտը, դիսբակտերիոզը, ստամոքսի խոցը կարող են լրջորեն ազդել ձեր տրամադրության և կյանքի ընթացքի վրա:

13. Կենսայոգուրտ. դրանցում առկա ացիդոֆիլինային, կաթնաթթվային մանրէները   աղիքները պաշտպանում  են դիսբակտերիոզից: Սակայն սա ամենը չէ. սննդաբանները հավատացնում են, որ օրական 140 գ  յոգուրտ օգտագործողների մոտ սեռական ինֆեկցիաներն ավելի հազվադեպ են:

14. Դարչնագույն բրինձ. այն մշակման գրեթե չի ենթարկվում, հետևաբար, ի տարբերություն սպիտակ բրնձի, պահպանում է իր որակները՝  կարգավորելով աղեստամոքսային տրակտի աշխատանքը :

15. Լոբի. այն հարուստ է B վիտամինով, որը  բարերար է իմունային համակարգի ու ստամոքսի աշխատանքի համար: Գլխավորը  չափավոր ուտելն է:

Կյանքն առանց քաղցկեղի

Իհարկե, ոչ մեկս ապահովագրված չենք քաղցկեղային հիվանդություններից, սակայն կարող ենք դրանց առաջացման հավանականությունը նվազեցնել:

16. Խաղող. դրա կեղևում գտնվող ֆոլիաթթուն արգելակում է օրգանիզմում քաղցկեղի առաջացումը: Դրանց ազդեցությամբ քաղցկեղի նախատրամադրված հյուսվածքները վերականգնվում են, ու կարգավորվում է  ֆունկցիան: Չնայած այդ թթուն խաղողահյութի ու խաղողից պատրաստված գինիների մեջ էլ կա, միևնույն է, բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել  առնվազն 5-7 թարմ խաղողահատ:

17. Կանաչ թեյ. օրական 2 բաժակ կանաչ թեյը նույնպես մոտ 60%-ով նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

18. Սպիտակագլուխ կաղամբ. ինդոլները կաղամբի կանաչ տերևներում պարունակվող նյութերն են, որոնք  նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Դիտվել է 2770 անգամ:
Print Friendly

Leave a Reply