«Կովկասյան փլավի» բաղադրությունը և Հայաստանը

ԷՍՍԵ | | September 27, 2010 15:13

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դեռևս ընթանում է. թվում է, թե այն մտել է փակուղի: Ու՞մ է ձեռնտու խաղաղությունը, ու՞մ` պատերազմը, ու՞մ` ստատուս քվոն: Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ Կովկասում աշխարհաքաղաքական շահեր ունեցող երկրների քաղաքականությունը:

Հարավային Կովկասում բախվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոմիության  կենսական, ռազմավարական և էներգետիկ անվտանգության շահերը: Այս արտատարածաշրջանային դերակատարների կողքին ավելացնում ենք նաև ներտարածաշրջանային երկու մեծակշիռ պետություններին` Թուրքիա և Իրան, և «տատական շիլա-փլավը» պատրաստ է «մատուցման»:

«Կովկասյան  փլավի» բաղադրությունը շատ պարզ է և հասկանալի, բայց դժբախտաբար «դժվարամարս»: Եվ այսպես՝ հիմնական համեմունքներն են.

  • Ռուսաստանը և իր «հարավային դարպասը».

Հարավային Կովկասում «սպիտակ արջը» ռազմաբազա ունի Հայաստանում (որի ներկայության պայմանագիրը, ինչպես հայտնի է, վերանայվեց ու երկարաձգվեց  ևս  49 տարով). Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը:

Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն, իսկ Ադրբեջանի հետ Մոսկվան ունի էներգետիկ և ռազմավարական  պայմանագրեր:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները  թեև հիմա բարեկամական բարիդրացիական են, բայց կողմերից և ոչ մեկը չի մոռանում պատմական հակամարտությունը և Կովկասում դիրքավորվելու բուռն ցանկությունը:

Ռուսաստան-Իրան հարաբերությունները գրեթե նույն ախտորոշումն ունեն, ինչ ռուս-թուրքականը` պատմական հակամարտություն, այսօր էլ այդ հարաբերությունները լարված են իրանական միջուկային ծրագրի պատճառով:

  • ԱՄՆ-ը` իր ծավալապաշտական նպատակներով.

ԱՄՆ-ը Հայաստանին համարում է «բարեկամ» երկիր, Վրաստանը համարում է «դեմոկրատիայի տարածման ֆորտ-պոստ Հարավային Կովկասում» ի դեմս «սիրասուն Միշայի», սուլթանական Ադրբեջանի հետ ունի բազմաթիվ էներգետիկ պայմանագրեր, և ամերիկյան կապիտալը Ադրբեջանում հավուր պատշաճի ներկայացված է:

ԱՄՆ-Ռուսաստան նոր ժամանակների «վերալիցքավորմանը» միտված հարաբերությունները մրցակցային-հետախուզական են. կողմերը ուշի ուշով հետևում են ու շոշափում միմյանց թույլ կետերը:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ռազմավարական են. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ ամենախոշոր երկրներից մեկն է. այստեղ է գտնվում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմաբազան: ԱՄՆ-Իրան հարաբերություններ, որպես այդպիսին, առհասարակ գոյություն չունեն: ԱՄՆ-ը հաճույքով Մերձավոր Արևելքի «չարաճճի տղային» կպատժեր առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց Ահմադի Նեժադը «պինդ տղա է ու դեռ երկար կդիմադրի յանկիներին»:

  • Եվրոմիությունը` իր էներգետիկ հետաքրքրություններով տարածաշրջանում.

Եվրոմիությունը Հարավային Կովկասից միայն ու միայն խաղաղություն է պահանջում: ԵՄ-ին Կովկասում երկարատև ու կայուն խաղաղություն է պետք, որպեսզի թոթափի Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը:

Իրականում ԵՄ-ին այնքան էլ չի հետաքրքրում ո’չ ադրբեջանական նավթը, ո’չ ազգամիջյան հակամարտությունները, ո’չ վրացական լիբերալիզմը, ո’չ թուրքական սիրազեղումները դեպի իրեն, ո’չ ամերիկյան արկածախնդրությունները և ո’չ էլ ռուսական «տղավարի» հարցերի լուծման մեթոդիկան:

Խաղաղությունը Հարավային Կովկասում կապահովի էներգակիրների անվտանգ տրանզիտ Միջին Արևելքից դեպի Եվրոպա. ընդամենը այսքանը: Իսկ վերոնշյալ կողմերի հետ ԵՄ հարաբերությունները  վարվում են «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականությամբ:

  • Թուրքիան` պանթուրքիզմի վաղեմի երազանքով.

Հարավային Կովկասում Թուրքիայի կոկորդին մնացել է միայն հայկական փուշը, որպեսզի կուլ տա իր փափագած պանթուրքական լափը, իսկ մարսողության հետ կապված հետագա հարցերը կլուծվեն թուրքական դիվանագիտության արդյունավետ դեղահաբերով:

Ու դեռ ավելին` մեր շատ սիրելի հարևանները նպատակներ ունեն բարեհաջող ապաքինումից հետո վարձահատույց լինել Եվրոպայի բարեգութ տերերին՝ ժամանակներ առաջ իրենց մատուցած  ծառայության համար, այն է` Բոսֆորի ու Դարդանելի, ինչպես նաև Կիպրոսի, Արևմտյան Հայաստան (ցավոք պետք է նշել նաև հանրաճանաչ անվանումը` Անատոլիայի) սկուտեղի վրա տաք-տաք հայկյան արյունով սոուսված ընթրիքի համար:

Եվրոպացիների համար թուրքերը պատրաստել են մի մեծ խրախճանք-ճաշկերույթ հենց իրենց` ազնվազարմ անգլո-սաքսոնների, ֆրանկների, օսթ և վեսթգոթերի միս ու արյունից պատրաստված ճաշատեսակներով… չբացահայտենք ճաշացուցակը` եվրոպացիների անակնկալը չփչացնելու համար:

Ռուս-թուքական հարաբերությունները, ինչպես նշվեց, առայժմ «բարեկամական» քողով են շղարշված:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում թուրքերը հեշտությամբ են մատների վրա խաղացնում յանկիներին:

Պարսիկների ու թուրքերի հարաբերությունները նման են հարս ու սկեսրոջ միջև հարաբերություններին:

  • Իրան` մի խենթի առաջնորդությամբ մարդկությանը անհնազանդության դրոշ պարզած.

Ռուսը կասեր “что тут сказать”…. Իրանը պարբերաբար թքում է յանկիների ճակատին, թե «ինձ ձեր պատժամիջոցներով չեք կանգնեցնի, ինչու դուք կարող եք միջուկային զենք ունենալ, ես` ոչ: Ով է ասել, որ ձեր զենքը «խաղաղ» է, իմը` վտանգավոր…»: Հարգելի հարևաններ թեթև տարեք, չէ որ նրանք ԱՄԵՐԻԿԱՑԻ են, ասել է թե` “тупой, еще тупее”… Դե իսկ մյուսների հետ կարծում եմ պարզ է:

Ամփոփելով. ահա այս հիմնական բաղադրությունը համեմում ենք ներքին արտադրության հայ-վրացա-ազերիական շատ կծու սոուսով: Սոուսի պարունակությունն էլ հետևյալն է.

– եղբայր վրացիները շատ ճկուն են ու հեշտությամբ նոր տերեր են գտնում,

– մեղմ ու հեզաբարո ազերիները մեծ եղբոր հովանավորության տակ են ու իրանց «խաթրին կպնող չկա»,

– դե՝ իսկ մենք…..

Մենք բարի ենք, խաղաղություն ենք ցանկանում բոլորի համար: Մենք այնքան բարի ենք, որ մեզ պարտադրված պատերազմում հաղթել ենք (չենք էլ ամաչում, ոնց կարելի է), բայց մեզանում կան այնպիսիները, որ պատրաստ են հրաժարվել արյան գնով ձեռք բերված մեր իսկ պատմական հողերից, մենակ թե մեզ թարս աչքով դրսում չնայեն, օկուպանտ չասեն… ախր անունի հարց է… իսկ այդ բարի անունով վաղը մի քանի տասնյակ հաշվվող սերունդի առաջ կհպարտանանք, թե «մենք ինչ բարի էինք», հետո էլ այդ մի քանի տասնյակը իր հետագա մի քանի զավակին կպատմի տոհմի վեհ գթասրտության մասին ու…..ու  վերջ….Մի՞թե իրոք վերջ….

«Ժողովուրդների պատմությունը այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց հաղթանակների ու պարտությունների պատմությունը: Պատերազմներն են օրորել մարդկության մանկությունը և ոչ խաղաղությունը, որը բնական վիճակ չէ եղել, այլ պատերազմների կարճատև դադար միայն: Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը: «Մի զինվոր սպանում է Արքիմեդին»: Հաղթում է ուժեղը և ո’չ արդարը: Վա~յ թույլերին»:  Մեծն Նժդեհ

….ես հրաժարվում եմ այդ տեսակ վերջից….

Անի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 2805 անգամ:
Print Friendly

Leave a Reply