Իսկանդարյան.«Ադրբեջանում որպես ԱՄՆ դեսպան Բրայզայի նշանակումը առկախելը ԱՄՆ ներքին քաղաքականության մասն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2010 14:14

Այն, ինչ տեղի է ունենում Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակման շուրջ, Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության մի մասն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` շեշելով, որ քաղաքական նման զարգացումները պայմանավորված են ԱՄՆ-ում գալիք ընտրություններով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ երկու սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը առկախել էին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը` քննադատելով վերջինիս սերտ կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մատնանշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նրա թույլ տված բացթողումները: Ըստ Ալ. Իսկանդարյանի` ԱՄՆ-ում շուտով ընտրություններ են, որին մասնակցում է նաեւ սենատոր Բարբրա Բոքսերը, ով իր թեկնածությունն առաջադրելու է Կալիֆոռնիայում, մի նահանգ, որտեղ հայությունը գերակշռում է: «Բոքսերը դեմոկրատ է, իսկ դեմոկրատների կարգավիճակը ԱՄՆ-ում ընտրություններից առաջ այնքան էլ փայլուն չէ` պայմանավորված Օբամայի` Իրաքից ամերիկյան զինվորների դուրս բերմամբ:

«Բոլորն էլ հասկանում են, որ այդ զորքերի գերակշիռ մասը դեռ Իրաքում է»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ նման իրավիճակում էլ Բոքսերի եւ Մենենդեսի կողմից լավագույն ներքին քաղաքական քայլը Մեթյու Բրայզայի` «Ադրբեջան գործուղումն արգելափակելն էր»: «Չեմ կարող ասել, թե Բրայզայի Ադրբեջանում դեսպան նշանակվելը ինչ վնաս կարող է հասցնել Հայաստանին, սակայն մի բան պարզ է` այս դեպքում ոչ թե Հայաստանն է դեմ դրան, այլ ամերիկահայությունն ու տեղի լոբբիստական կազմակերպությունները»,-նշեց քաղաքագետը:

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply