Արցախի Աշան գյուղում սեպտեմբերի 28-ին 300 երեխա կկնքվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 25, 2010 15:12
Դպրոցական բարվոք շենք ու մարզադահլիճ` ահա գրագետ ու առողջ սերունդ դաստիարակելու ոչ բոլոր, բայց կարեւոր նախադրյալները, որոնց բացակայությունը զգացվում է արցախյան շատ գյուղական բնակավայրերում: Մարտունու շրջանի Աշան գյուղում այս խնդիրն իր վերջնական լուծումը ստացավ շնորհիվ հեռավոր Կալիֆորնիայում գործող «Անիտա Հովսեփյան» հիմնադրամի: 1998-ին աշանցի դպրոցականները ունեցան նոր շենք, 10 տարի հետո` մարզադահլիճ: 2 տարի առաջ շահագործման հանձնված մարզադահլիճի` երեկ կայացած խորհրդանշական բացումը պայմանավորված էր բարերաներ Ցոլակ եւ Գոհար, Վաչե եւ Ռիտա Հովսեփյանների այցով: Նրանց ուրախությանը միացել էին նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչներ:
Հովսեփյանների ընտանիքը միշտ էլ սպասված հյուր է այս գյուղում. նրանց յուրաքանչյուր այցը նշանավորվում է նոր նախաձեռնություններով: 1994-ին Լոս Անջելեսում ավտովթարի հետեւանքով կյանքին անժամանակ հրաժեշտ տված Անիտա Հովսեփյանի հարազատները ստեղծեցին իրենց մինուճար դստեր անվամբ բարեգործական հիմանդրամ, իսկ Արցախում Անիտայի հիշատակին նոր դպրոց կառուցելը ուղղակի հոգու պահանջ էր, որը նրանք բավարարեցին 1998-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում դպրոցական երկհարկ շենքի կառուցմամբ: Սակայն հարուստ գիտելիքի արդյունավետ կիրառումը հնարավոր է միայն առողջ մարմնի պարագայում. այստեղից էլ` հաջորդ ձեռնարկը` բարերարները նախաձեռնեցին դպրոցական շենքին կից առանձին մարզադահլիճի կառուցումը:
Տիկին Գոհարի եւ նրա ամուսնու` Ցոլակ Հովսեփյանի անունը կրող մարզադահլիճում մարզվում են դպրոցի 116 աշակերտները: Նրանք առաջիկայում հանրապետության վարչապետից կստանան նոր գույք:
Լոկ դպրոցական նոր շենքի եւ մարզադահլիճի շինարարությամբ «Անիտա Հովսեփյան» հիմնադրամի առաքելությունը Աշանում չի սահմանափակվում: Սեպտեմբերի 28-ին 300 երեխայի կնունք կկազմակերպվի նրանց միջոցներով: Արցախի հանրապետության վարչապետ Ա.Հարությունյանը ծանոթացավ բարերաների միջոցներով արդեն իրականություն դարձած մի քանի այլ ծրագրերի եւս:
1998-ից մինչեւ 2006թ-ը Աշանի դպրոցականները գրադարանից օգտվելու հնարավորություն գրեթե չունեին: Հերթական այցի ընթացքում ծանոթանալով աշանցիներին հուզող այս խնդրին` Հովսեփյանները ոչ միայն ողջունեցին դպրոցի տնօրենի` կրթօջախի բակում առանձին գրադարան կառուցելու նախաձեռնությունը, այլեւ անհրաժեշտ դրամական միջոցներ տրամադրեցին: 4 տարվա ընթացքում գրադարակներում հավաքվել է շուրջ 7000 կտոր գիրք` ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով: Ի դեպ. Ցոլակ Հովսեփյանի անձնական գրադարանից Աշանի դպրոցական գրադարան հասցված մոտ 1200 գրքերի ճնշող մեծամասնությունը ակադեմիական կրթության համար նախատեսված անգլերեն գրքեր են:
Արա Հարությունյանի առաջարկը աշանցիներին գործնական էր` այդ գրականությունը տրամադրել ԱրՊՀ-ի գրադարանին եւ փոխարենը ստանալ նոր գրքեր: Բարերարներն էլ իրենց նոր մտահղացումը գաղտնազերծեցին. ընթերցարանի կառուցման գաղափարը շատ շուտով կյանքի կկոչվի:
Կրթօջախի մերձակայքում ատամնաբուժարանի կառուցումը եւս «Անիտա Հովսեփյան» հիմնադրամի ձեռնարկն է` Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերակցության աջակցությամբ:
Արա Հարությունյանը բարերարների ուղեկցությամբ եղավ նաեւ վերջիններիս նախաձեռնությամբ դպրոցի հարեւանությամբ հիմնված 1.5 հա խաղողայգու տարածքում: Այս ձեռնարկն արդեն տալիս է իր պտուղները. հավաքած բերքը իրացվում եւ այդ գումարով աշակերտների համար արշավներ ու էքսկուրսիաներ են կազմակերպվում ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ Հայաստանում:
Վարչապետի հաջորդ կանգառը «Անիտա Հովսեփյան» հիմնադրամի հետ կապ չուներ: Արցախյան գոյամարտում նահատակված Արման Ավագյանի ընկերները գյուղի հին դպրոցի շենքում տարիներ առաջ բացել են համահայկական ճամբար: Սակայն կոմունալ պայմանների, մասնավորապես ջրի ու կոյուղու բացակայության պատճառով այն ընդամենը երկու ամառ գործեց: Այսօր 100-ամյակը եզրող այս հիրավի ճարտարապետական կոթողը մատնված է անուշադրության: Աշանում ակնկալում են խնդրին արդեն տեղյակ կառավարության ղեկավարի միջամտությունն այս հարցում:






Facebook
Tweet This
Email This Post
