ՀՀ անկախության 19-րդ տարեդարձը նշել են նաև Հնդկաստանում եւ Քուվեյթում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2010 14:13

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաեւ Հնդկաստանում եւ Քուվեյթում: Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  սեպտեմբերի 23-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Six Palms» սրահում առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պետական ընդունելություն:

Հանդիսությանը ներկա են եղել տեղական իշխանությունների, Քուվեյթի արտաքին գործերի նախարարության, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաեւ հայտնի գործարարներ ու քաղաքական գործիչներ: Հայաստանի եւ Քուվեյթի պետական օրհներգերը հնչելուց հետո բացման խոսքով հանդես է եկել Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Նա անդրադարձել է հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկա վիճակին եւ միջպետական համագործակցությունը խթանելու հետագա ծրագրերին` Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնելով Քուվեյթի իշխանություններին ու քուվեյթահայ համայնքին Հայաստանի դեսպանության հիմնադրման գործում ցուցաբերած զգալի աջակցության եւ մեծ ավանդի համար:

Սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի շենքում տեղի է ունեցել ՀՀ անկախությանը նվիրված երեկո, որին մասնակցել են Հայր Խորեն Հովհաննիսյանը, եկեղեցական խորհրդի անդամները, Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, ճեմարանի սաները, հնդկահայոց համայնքի անդամները եւ տեղական մամուլի ներկայացուցիչներ: Երեկոն մեկնարկել է ճեմարանի սաների հեղինակած նկարների ցուցահանդեսով, որին հաջորդել է Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրում: Այնուհետեւ իր ելույթում ՀՀ դեսպանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, երախտագիտության խոսքեր հայտնել հնդկահայոց համայնքին Հայաստանին ցուցաբերված աջակցության համար եւ համոզմունք հայտնել, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը կշարունակի իր նպաստը բերել Մայր հայրենիքի եւ հայոց անկախ պետականության հետագա հզորացմանը, սփյուռքահայ գաղթօջախների պահպանմանն ու զարգացմանը:

Սեպտեմբերի 22-ին հնդկահայոց հոգեւոր հովիվը եւ ՀՀ դեսպանը ուխտագնացություն են կատարել 1695թ. Չինսուրա քաղաքում հիմնադրված Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի, որին կից գերեզմանատանը գտնվում են Արցախի վերջին մելիքներից Ֆրիդոն Մելիք Բեգլարյանի ու նրա հետնորդների գերեզմանները:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply