Ամփոփվեցին «Հեքիաթների աշխարհում» մրցույթ-փառատոնի արդյունքները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 25, 2010 14:06

Գեղագիտական ազգային կենտրոնի Փոքր թատրոնում այսօր ամփոփվեցին «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի արդյունքները: Ներկայացված շուրջ 1000 աշխատանքներից մրցանակներ ստացան 10 լավագույնների հեղինակները` երկուսը` Երեւանից, մեկական երեխա Գորիսից, Դիլիջանից, Արցախից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մոլդովայից, Քուվեյթից եւ Եգիպտոսից:

Ինչպես նշեց պատկերասրահի տնօրեն Լեւոն Իգիթյանը, այս մրցույթ-փառատոնի նպատակն էր նպաստել Սփյուռքում մանկական ստեղծագործական գործունեությանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը, ինչպես նաեւ խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունն ու հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ: «Առաջին անգամ մենք փորձեցինք առավելագույնս շատ հայ երեխաների ընդգրկել այս մրցույթ-փառատոնում: Պետք է նրանց ստեղծագործական ներուժը միացյալ դարձնենք, քանի որ անտաղանդ երեխա Հայոց աշխարհում չի ծնվում. դա մեր պատմությունն է ապացուցել»,- ասաց նա: ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի խոսքով` նման մրցույթ-փառատոները համախմբող նշանակություն ունեն հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ հայ երեխաների համար:

«21-րդ դարն արդեն զգացնել է տալիս, որ սփյուռք բառը պետք է աստիճանաբար դուրս գա մեր բառապաշարից»,- ասաց նա` ավելացնելով, որ յուրաքանչյուրը պետք է տեր լինի մեր ընդհանուր հայրենիքին: Փոխնախարարի խոսքով` նկարչությունը այն եզակի արվեստներից է, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական պարամետրերով արտահայտել հոգեւոր երեւույթներ, ինչը հաճախ բառերով հնարավոր չէ: Նշենք, որ մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 երեխա Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Սիրիայից, Քուվեյթից:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջինում էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է շուրջ 1000 նկար` 26 երկրից, իսկ երկրորդում այդ նկարներից շուրջ 250-ը ցուցադրվել է Գեղագիտության ազգային կենտրոնում:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply