Դեդ Հասանը հավաք կկազմակերպի և կասի մեղավորի անունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 25, 2010 13:47

Գողական աշխարհի առաջնորդները մտադիր են մոտ ժամանակներս հավաքվել` քննարկելու Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահափորձի հարցը: Սպասվում է, որ այդ միջոցառման ժամանակ օրենքով գողը կտա մահափորձի ենթադրյալ պատվիրատուի անունը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում:

«Հավաքի օրը կնշանակվի անմիջապես Ասլան Ուսոյանի առողջանալուց հետո: Հանդիպման ժամանակ նա կասի նրանց անունները, որոնք, «օրենքով գողի» կարծիքով, կանգնած են իր մահափորձի հետևում»,- հաղորդել է «Ինտերֆաքսի»` իրավապահ մարմինների աղբյուրը:

Ըստ գողական ավանդույթների, որոնք վերջին տարիներին մարում են, «նման մակարդակի անձի սպանությունը հանցավոր աշխարհում առաջվա պես համարվում է «բեսպրեդել» և գործնականում երբեք անպատիժ չի մնում»:

«Եթե Ասլան Ուսոյանի փաստարկները, որոնք նա կներկայացնի հավաքի մասնակիցներին, համոզիչ լինեն, դա կնշանակի, որ այն կլանի անդամները, որին մատնացույց կանի Դեդ Հասանը, կդառնան իզգոյներ` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է աղբյուրը` չճշտելով, թե հատկապես ինչ հետևանքներ կարող են լինել: Նա ենթադրել է, որ հավաքն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Ռուսաստանի հարավում, և օպերատիվ ծառայությունները կփորձեն  ձերբակալել մասնակիցներին, «սակայն  այդ ձերբակալություններն ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունեն»:

«Հանցավոր հեղինակություններին պատասխանատվության ենթարկել, եթե, իհարկե, նրանցից ոմանք որոնման մեջ չեն, փաստորեն ոչնչի համար, իսկ նման հանդիպումների ժամանակ նրանք իրենց հետ զենք, թմրանյութեր և ուրիշ օրենքով արգելված իրեր չեն վերցնում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Այդ կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել երկու «հակասական հանգամանքի վրա, որոնք երևան եկան 2009 թ. վերջում»: «Մի կողմից` օրենք ընդունվեց, որը նախատեսում է ցմահ բանտարկություն այն անձանց համար, ովքեր բարձր դիրք են գրավում հանցավոր աստիճանակարգում, մյուս կողմից` վերացվեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումները»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Կազմակերպված հացավորության դեմ պայքարի վարչության լուծարմանը հետևած խառնաշփոթը, նրա գնահատմամբ, «հանգեցրել է հասկայական ծավալի տեղեկատվության կորստի թե հեղինակությունների, թե նրանց կապերի մասին»: «Բացի այդ, միլիացիան զրկվեց զգալի թվով մասնագետներից, որոնք հարուստ փորձ ունեին «օրենքով գողերի» հանցավոր գործունեության ապացույցների հավաքման առումով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Առաջ ՌԴ ՆԳՆ քրեական որոնման դեպարտամենտի նախկին պետ Իսկանդար Գալիմովը օրինակ էր բերում Վրաստանի օրենսդրությունը, որը նախատեսում է 20-25 տարվա ազատազրկում միայն քրեական հեղինակությունների դասին պատկանելու համար: Հենց այդ պատճառով էլ շատ «օրենքով գողեր» Վրաստանից  գնացին Ռուսաստան:

Գալիմովի կարծիքով, եթե Ռուսաստանի քրեական օրենսգրքում վրացականի նման հոդված լիներ, երկրում շատ ավելի հեշտ կլիներ պայքարել հանցավոր աշխարհի դեմ: Անցած տարի, ըստ Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալների, ներքին գործերի մարմիններում օպերատիվ հաշվառման է եղել 149 «օրենքով գող»:

Ուրբաթ հայտնի դարձավ, որ Ասլան Ուսոյանը սեպտեմբերի 23-ին դուրս է գրվել Բոտկինի հիվանդանոցից, որտեղ նրան մահափորձից հետո (սեպտեմբերի 16-ին, Տվերսկոյ փողոցում) երկու վիրահատություն էին արել:

Մեղավորը գտնվել է

Ըստ “Ռոսբալտի” տվյալների` “օրենքով գողն” արդեն տվել է իր առաջին ցուցումները: Իրեն ժամանակավոր փոխարինող է նշանակել Լաշա Շուշանաշվիլուն, որը սկսել է նախապատրաստել գողական մեծ հավաքը Հունաստանում:  Դեդ Հասանի դեմ մահափորձի մեղավոր կհայտարարվի հավանաբար “քրեական գեներալ” Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի), որ Տարիել Օնիանիի մերձավոր կողմանկիցն է:

«Արդեն իսկ հեռախոսային խոսակցությունների ընթացքում գանգստերները որոշել են, թե ում կհայտարարեն մահափորձի մեղավոր. Մերաբ Ջանգվելաձեին, որ Տարիել Օնիանիի (Տարո) ղեկավարած մրցակից քրեական կլանի առաջնորդներից է: Ըստ հանցավոր աշխարհի վարկածի` նա  «օրենքով գող» Ռամազ Ձնելաձեի բանտից ազատվելուց առաջ «մաքրում է հարթակը»,- հաղորդում է հրատարակությունը` նշելով, որ Մերաբ Ջանգվելաձեն հզոր ֆինանսական աղբյուրներ ունի. նրա հարազատ եղբայրը` Լևանը, խոշոր բիզնեսմեն է: Իսկ Ռամազ Ձնելաձեն վերահսկում է մի քանի խմբավորում, որոնք գործում են Մոսկվայի արևմուտքում:

Սակայն իրավապահ մարմիններում ոչ բոլորն են հակված Դեդ Հասանի դեմ մահափորձը կապել Տարիել Օնիանիի հետ: «Ինտերֆաքսի» անանուն աղբյուրը հայտնել է, որ Ուսոյանի դեմ մահափորձը կարող էր վրեժ լինել Յապոնչիկի մահվան համար: Ըստ նրա` Իվանկովի սպանությունը 2009 թ. կարող էր կազմակերպել ոչ թե Տարոն, այլ ինքը` Դեդ Հասանը: Այժմ Յապոնչիկի կողմնակիցները գուցե որոշել են վրեժ լուծել Ուսոյանից այդ սպանության համար:

Ինքը` Տարիել Օնիանին, որ այժմ հանդես է գալիս Դավիթ Մուլուխովի անվան տակ, ժխտում է իր մասնակցությունը Ասլան Ուսոյանի դեմ մահափորձին: Այդ մասին  նա հայտնել է փաստաբան Նիկոլայ Մդինարաձեի միջոցով: «Մուլուխովը կտրականապես ժխտում է իր անվան հիշատակումը ձեր նշած իրադարձություններին մասնակցության համատեքստում»,- ասել է փաստաբանը ՌԻԱ «Նովոստիին»:

Օնիանին ներկայումս գտնվում է Մոսկվայի մեկուսարաններից մեկում: 2010 թ. ամռանը դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման մարդու առևանգման և դրամաշորթության համար:

Դիտվել է 2894 անգամ:
Print Friendly

Leave a Reply