Ըստ Ա. Իսկանդարյանի հիմա Արցախի ճանաչումը ՀՀ-ի կողմից տեղին չէ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 25, 2010 13:29
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացն անհրաժեշտություն է ԼՂՀ խնդրի լուծման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ավելացնելով, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չի կարելի հասնել այլ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ճանապարհով, քանի որ նախեւառաջ պետք է Արցախը ճանաչեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Իրանը, եվրոպական երկրները, ինչը իրական չէ, որովհետեւ նրանք ունեն իրենց շահերը:
«Մինսկի խումբը ներկա պահին հարցի կարգավորման համար լավագույն ձեւաչափն է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն հակամարտությունները, որոնցում ներգրավված է նաեւ միջազգային հանրությունը, ավելի լավ ընթացք են ունենում, քան մնացածները»,-ասաց Իսկանդարյանը: Նրա խոսքով` միայն այն, որ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում բացի Հայաստանից ու Ադրբեջանից ներգրավված են նաեւ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, արդեն լավ է, «պետք չէ հիմա Մինսկի խմբի բանակցային գործընթացից պահանջել Ղարաբաղի խնդրի կարգավորում. ներկա պահին նա դա չի կարող անել»: Ըստ քաղաքագետի` Հայաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, քանի որ Ռուսաստանի պես գործընկեր ունի, որը չի ճանաչել դա: «Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսիային, ապա Հայաստանը կրկին չի կարող ճանաչել նրանց անկախությունը` ելնելով Վրաստանի հետ իր շահերից:
Ասում են Կոսովոն ճանաչելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենար հասնելու Արցախի անկախության ճանաչմանը, սակայն, իմ կարծիքով, նման հնարավորություն չկար»,-ասաց նա: Ալեքսանդր Իսկանդարյանը նաեւ նշեց, որ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը մեծ հաշվով որեւէ բան չի կարող փոխել, սակայն անկանխատեսելի է, թե ինչ քաղաքական հետեւանքների կարող է հանգեցնել: «Դեռ 1990-ականներին կարելի էր ճանաչել, բայց հիմա դա տեղին չէ»,-նկատեց նա:






Facebook
Tweet This
Email This Post
