Ըստ ադրբեջանցի տնտեսագետի` Ադրբեջանում անկման դարաշրջան է սկսվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 25, 2010 12:59
Նավթի վրա հիմնված Ադրբեջանի 2011 թ.-ի բյուջեի նախագծում նավթի գինը նկատի է առնվել 60 դոլար մեկ բարելի դիմաց: Ադրբեջանի կառավարությունը կանխատեսում է, որ նավթի այդ գնով 2011 թ-ի համար հնարավոր կլինի ապահովել 15,557 մլրդ մանաթ բյուջեի եկամուտներ եւ 15,129 մլրդ ծախսեր: 2011 թ-ի համար ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կանխատեսվում է 3,8 տոկոս, որի ոչ նավթային հատվածին պատկանող մասը 7,2 տոկոս է: Ադրբեջանում ինֆլյացիան 2011 թ-ի համար կանխատեսվում է 5 տոկոսի սահմաններում: Եկող տարվա բյուջեի եկամուտներում աճը նախատեսվում է 555 մլն մանաթ, ծախսերում աճը՝ 473 մլն մանաթ, ինչն անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով նվազել է:
Կառավարության ներկայացրած բյուջեի այդ նախագծի հետ կապված՝ «Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում Տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գուբադ Իբադօղլուն հայտնել է, որ եկող տարվա բյուջեում տնտեսական աճն, այս տարվա համեմատ, ցածր է: «Սպասվող նավթային եկամուտներն էական աճ չեն կարող ունենալ: Դրա հետ միասին, հնարավոր չէ կանխատեսել, որ նավթի գինը 60 դոլարից չի նվազի: Եկող տարվանից պետական բյուջեում այլեւս լուրջ աճ սպասելն անտեղի է, քանի որ ոչ նավթային հատվածում եկամուտները խիստ ցածր են, իսկ բյուջեն հիմնականում ֆինանսավորվում է Նավթի հիմնադրամից: Բյուջեում նավթի գնի կանխատեսված մակարդակն այլեւս կարեւոր չէ, քանի որ Պետական նավթային ընկերության եւ այլ կառույցների միջոցով եկող հարկերի ծավալում նվազում է նկատվելու՝ մոտ ժամանակում նավթային տրանսֆերտների կայունացման արդյունքում: Այսինքն՝ եկող տարվա բյուջեում նավթի գնի մակարդակն այնքան էլ նշանակություն չի ունենալու, քանի որ բյուջեն ձեւավորվում է հիմնականում Նավթի հիմնադրամից արվող փոխանցումների հաշվին եւ եկող տարիներին տրանսֆերտների շարունակվելու հետ, դրանք են կազմելու եկամուտների բաժինը: Այսինքն, ներդրումային նախագծերը կյանքի են կոչվելու բացառապես նավթի հիմնադրամի հաշվին», -եզրակացրել է տնտեսագետը` նշելով, որ Ադրբեջանում նավթի դարաշրջանն ավարտվում է, սկսվում է անկման դարաշրջանը:






Facebook
Tweet This
Email This Post
