Կնոջն աշխատել արգելելը բռնություն է համարում քաղաքաբնակ կանանց 68, գյուղաբնակների` 51,2 տոկոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 25, 2010 12:52
Նպատակ ունենալով ներկայացնելու Հայաստանում կանանց հանդեպ ներընտանեկան բռնության վերաբերյալ 2008-2010թթ.-ին հանրապետության տարածքում անցկացված համապետական հարցման արդյունքները` այսօր Արարատի մարզպետարանում կազմակերպվել էր մեկօրյա սեմինար` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի աշխատակիցներ, հասարակական կազմակեպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան, հենց այս խումբն էլ հետագայում կդառնա գենդերային բռնության 2011-2014թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունների աշխատանքային խումբը մարզում: Սեմինարն առաջինն անց է կացվում Արարատի մարզում, հաջորդը Գեղարքունիքի մարզն է: Հանրապետության բոլոր մարզերում դասընթացը կավարտվի հոկտեմբերի 12-ին, հետագայում ունենալով մեկական նման խումբ` յուրաքանչյուր մարզում: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հրամանով այս տարվա մարտին ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զեկույցը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարություն: Սա առաջին համապետական ներկայացուցչական ընտրանքով հարցումն է կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ, եւ միակն իր շրջանակների, մասշտաբների, մեթոդաբանական եւ ձեռք բերված տվյալների կարգավիճակի առումով: Հետազոտություններն անց են կացվել հանրապետության բոլոր քաղաքներում եւ գյուղերում:
Հետազոտությունների համար ընտրվել են 4720 տնային տնտեսությունների ներկայացուցիչներ` 15-59 տարիքային խմբի 2763 կանայք: Հարցվածների մոտ 78,5 տոկոսը համարում է, որ բռնություն է կնոջը հրապարակավ նվաստացնելը: Կնոջն աշխատել արգելելը եւ դրամը պահելը բռնություն է ընկալվում քաղաքաբնակ կանանց 68,0 տոկոսի մոտ, իսկ գյուղաբնակների` 51,2 տոկոսի մոտ: Հարցվածների 8,9 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական բռնության իր ինտիմ զուգընկերոջ կողմից: 61,0 տոկոսը նշել է, որ տառապում է զուգընկերոջ վերահսկողական վարքից: Սեմինարի մասնակիցները վերջում դիտեցին ֆիլմեր գենդերային բռնության վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
