Ձախորդ օր Թուրքիայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 25, 2010 9:11
Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբրի 24-ը ձախորդ օր էր Հայաստանի հավաքականի 85 կգ քաշային երկու ծանրորդների` Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի և Արա Խաչատրյանի համար: Պոկում վարժությունում Մարտիրոսյանն չկարողացավ բարձրացնել պատվիրած 170 կգ-ը և դադարեցրեց պայքարը: Խաչատրյանը սկզբում գերազանց հանդես եկավ և, գլխավերևում պահելով 175 կգ-ոց ծանրաձողը, տիրացավ փոքր ոսկե մեդալի: Թվում էր, թե հաջողությունը մոտ է, սակայն հրում վարժության առաջին մրցափորձի ժամանակ Խաչատրյանը ոչ միայն չկարողացավ բարձրացնել 201 կգ կշիռ ունեցող ծանրաձողը, այլև, լրջորեն վնասելով ձեռքը, այլևս անկարող էր շարունակել պայքարը: Նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին: Պարգևատրման ժամանակ գյումրեցի մարզիկի փոխարեն պոկում վարժության հաղթողի ոսկե մեդալը ստացավ Հայաստանի հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանը: Իսկ երկամարտում չեմպիոն դարձավ Լեհաստանի ներկայացուցիչ Ադրիան Զիելինսկին 383 (173+210) կգ:






Facebook
Tweet This
Email This Post
