Պետական եւ ոչ պետական բուհերի համար ստեղծվում է հավասար պայմաններով մրցակցային դաշտ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2010 20:54

Պետական եւ ոչ պետական բուհերի համար ստեղծվում է հավասար պայմաններով մրցակցային դաշտ: Այսօր Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ մի շարք օրենքներում: Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքի նախագիծը, որը նախատեսված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ինչպես նշեց նախարար Արմեն Աշոտյան, բուհերի համար մրցակցային դաշտի ստեղծմամբ հնարավորություն կտրվի հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների եւ ուսանողների համար: Դիմորդին հնարավորություն կտրվի հավասար պայմաններով մասնակցելու պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին: Այսինքն` միասնական քննության արդյունքները անցողիկ կլինեն նաեւ ոչ պետական բուհերում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է ապահովել միասնական դաշտ պետական եւ մասնավոր բուհերի ընդունելության քննությունները կազմակերպելու համար: «Նախարարության առջեւ խնդիր է դրված փուլ առ փուլ ներդնել նոր հայեցակարգ, որը ենթադրում է միասնական քննություններից հրաժարում եւ անցում միջազգային լավագույն չափորոշիչներին:Այդ դեպքում բուհերն են պատասխանտու իրենց ուսանողների ընտրության համար, ոչ թե պետությունը: Այդ անցումը մենք պետք է պլանավորենք»,-ասաց վարչապետը:

Դիտվել է 1935 անգամ:
Print Friendly

Leave a Reply