Հայկական ԶԼՄ-ները անհանդուժող են ԼԳԲՏ անձանց նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2010 17:40

Ձախից աջ` Մամիկոն Հովսեփյան, Սառա Խոջոյան, Լուսինե Վայաչյան

«ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք Հայաստանում օրենքով պաշտպանված չեն, և նրանց նկատմամբ հանդուժողական չէ ոչ հասարակությունը, ոչ էլ ԶԼՄ-ները». ԼԳԲՏ խնդիրներին վերաբերող քննարկմանն ասաց «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հկ ղեկավար Մամիկոն Հովսեփյանը:

Հովսեփյանը ներկայացրեց այս տարվա ընթացքում հկ-ի կատարած հետազոտության արդյուքները, որոնք արվել են ԼԳԲՏ համայնքի շրջանում:

«Նրանց նկատմամբ խտրականությունն սկսվում է ընտանիքից,- ասաց Հովսեփյանը,-  այնուհետև դա շարունակվում է կյանքի հաջորդող փուլերում և արտահայտվում է բոլոր ոլորտներում. ուսում, ծառայություն, աշխատանք, առողջապահություն»:

Նա ասաց, որ  նույնասեռականությունը գոյություն է ունեցել պատմության ամբողջ ընթացքում և յուրաքանչյուր երկրի հասարակություն այն ընկալել է յուրովի, իսկ նրանց նկատմամբ հանդուրժողականության կարելի է հասնել իրազեկման միջոցով:

«Հայկական ԶԼՄ-ների կողմից մեծ է անհանդուժողականությունը այս թեմաների վերաբերյալ,- ասում է նա,- դա կարող է լինել թե սխալ ինֆորմացիայի մատուցում, և թե ծաղրալից երանգով հումորային անդրադարձներ: Շատ քիչ լրատվամիջոցներ կան, որ այս թեմաներին վերաբերվում են հանդուրժողական կամ գոնե չեզոք»:

ԼԳԲՏ անձանց խնդիրների կամավոր պաշտպան, գրող Լուսինե Վայաչյանը ներկայացրեց վիրահատական միջամտությամբ սեռափոխության խնդիրները, որը Հայաստանում հնարավոր չէ: «Դա անելու համար անձը պետք է դիմի զարտուղի ճանապարհների, դուրս գա Հայաստանից, գումար հայթայթի դրա և հետո վիրահատության համար,- ասում է նա,- իսկ երբ ուզենա գալ հայրենիք, կպարզվի, որ նա չի էլ կարող դա անել, քանի որ նա փաստաթղթեր չունի»:

Քննարկումը կազմակերպվել էր «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (ՊԽԼԻ)գրասենյակում:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply