Հայաստանում մարզպետներն իրենց թագավոր են զգում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2010 17:37

24 սեպտեմբերի 2010թ., ք. Երեւան: Վերջերս մարզեր այցելություններ կատարելու ժամանակ, լինելով տարբեր դպրոցներում, ՀՀ Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին կրկին ահազանգել են այն մասին, որ մարզպետները չարահաշահում են իրենց պաշտոնական լիազորությունները` պարտադրելով դպրոցների տնօրեններին աշխատանքի ընդունել իրենց ուղարկած մարդկանց, սկսած ուսուցիչներից, վերջացրած` հավաքարարներով: Տնօրենները, հաճախ ելք չունենալով, կատարում են պարտադրանքը:

Միեւնույն ժամանակ տիկին Բախշյանը տեղեկացնում է, որ ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն` դպրոցները ենթարկվելու են ներքին եւ արտաքին գնահատման, այն դառնալու է տվյալ դպրոցում կրթության որակի ցուցանիշը, որի համար պատասխանատվություն են կրելու հատկապես դպրոցների տնօրենները:

Ի գիտություն մարզպետների եւ բոլոր նրանց, ովքեր իրենց միջամտություններով խանգարում են դպրոցների տնօրեններին կադրերի ընտրության հարցում` պատգամավորը հայտնում է, որ շուտով պատրաստ է լինելու ուսուցչի թափուր տեղի համար ուսուցիչների ընտրության կարգը, եւ տնօրենները պետք է առաջնորդվեն այդ կարգով :

Չնայած տարիներ շարունակ դպրոցի ինքնավարությունն ու ինքնակառավարումը կրթական բարեփոխումների նպատակն է եղել, որը սահմանվել է նաեւ ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքով եւ կրթության պետական ծրագրերով, սակայն իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության եւ մարզպետների անթաքույց դժկամության պատճառով արգելակվում է խորհուրդների միջոցով ինքնավարության իրականացումը եւ դպրոցների ինքնակառավարումը, որովհետեւ դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, հակառակ ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքի, դպրոցի կանոնադրությամբ վերապահված է մարզպետին:

Արդյունքում կախվածության մեջ գտնվելով մարզպետներից` սահմանափակվում է դպրոցների տնօրենների ինքնուրույնությունը, որը չի կարող նպաստել նրանց նախաձեռնող գործունեությանը:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply