Օրենքի փոփոխությամբ կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 24, 2010 17:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագիծը մշակվել է` ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի։ Նախագծով ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր։ «Մենք երկար ժամանակ և հանգամանորեն քննարկել ենք այս նախագիծը, որով մտադիր ենք լուծել նաև որակական խնդիրներ,- ասել է ՀՀ վարչապետը, – արտոնագրման որոշ գործառույթներ նմանվում էին ստուգման։ Այժմ, խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը, կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»։
Կառավարության հավանությունն է ստացել «Աուդիտորական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում են աուդիտորական ծառայությունների արտոնագրման, արտոնագրված անձանց վերահսկողության առանձնահատուկ պահանջներ։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն աուդիտի ստանդարտների կիրառման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը և աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը համահունչ է նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարման միջոցառումներին, քանի որ մեծացնում է հսկողությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ։ Տեղեկանալով, որ պարտադիր աուդիտի արդյունքները ներկայացնող 500 խոշոր ընկերություններ կատարել են օրենքի այդ պահանջը, բայց կան փոքրաթիվ թերացողներ, վարչապետը նպատակահարմար է համարել դրանց անունների հրապարակումը մամուլում` ի տես հանրության։

Օրենսդրական այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերին։ Սույն նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաև բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի, ապահովել Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը։ Այս հարցը նույնպես, վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով, երկար ժամանակ քննարկվել է վերը նշված ապրանքները ներմուծողների և արտադրողների հետ, արդյունքում հստակեցվել է բնագավառի քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում, օրինակ` ծխախոտը, շատ էժան է և ամենքին մատչելի։ Մեզանում խիստ տարածված են նաև ծխախոտի հետևանքով առաջացող հիվանդությունները։ Ուստի գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով։ Երկրորդ, անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների և արտադրողների միջև և երրորդ` օրինագիծը նախատեսում է սահուն անցում դեպի խաղի նոր կանոններ, քանի որ օրենքի այս կետը գործելու է 2014թ.-ից։
Նիստում հավանության է արժանացել «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Դրա ընդունման նպատակը ՀՀ պետական և ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծումն է, երբ դիմորդը հնարավորություն կունենա հավասար պայմաններով մասնակցել հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին։ Դրա նպատակը, Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, դիմորդների համար կրթություն ստանալու միասնական դաշտ ստեղծելն է։ Բարեփոխումը շարունակվելու է, որպեսզի բուհերն իրենք ընտրեն իրենց ուսանողներին, այլ ոչ թե պետությունը։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրին, որը մշակվել է ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի և ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան։ Ծրագիրն ուղղված է կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների աստիճանական զարգացմանը` դրա գերակա ուղղությունների և ռազմավարության նախանշմամբ։
Վերը նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Տրվել են հարկային և մաքսային արտոնություններ

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 29-ը։ Անցյալ տարի ընկերությունը ներմուծել է 59 անուն մեքենասարքավորում և նախատեսում է տարեկան արտահանել 600 մլն դրամի պատրաստի արտադրանք։ Ֆաբրիկայում աշխատում է 440 մարդ, մինչև տարեվերջ աշխատատեղերի քանակը կավելանա 200-ով։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ այս ֆաբրիկայի փորձը լավագույն օրինակներից է և ցանկալի է, որ տարածվի այլ մարզերում ևս։ Այժմ եվրոպական երկրներից արդիական սարքավորումներ մեր երկիր տեղափոխելու լավ հնարավորություն կա, և պետք է օգտվել դրանից` զարգացնելու համար թեթև արդյունաբերությունը։
Գործադիրն ընդունել է «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հասցեով «Անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող վեց հատ KYN28-12 տեսակի 6/10 կՎ բջջի նկատմամբ հարկային և մաքսային արտոնություններ կիրառելու որոշում։ Ընդունվել է նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող որոշում, որի համաձայն «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 5.191.747.577 դրամ, ինչպես նաև գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 413.482.286 դրամ արժողությամբ 76 գազաբաշխիչ համակարգեր նվիրաբերվել են հանրապետության 10 մարզերի համայնքներին։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ս.թ. գարնանային վարարումների հետևանքով Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից մոտ 3 կմ հեռու գտնվող Արաքս գետի հոսանքի ուղղությամբ ամբողջությամբ քանդված և ողողված արգելաթմբի և երկու կարճապատնեշների վերականգնման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 155000,0 հազար դրամ։ Փոփոխություններ և լրացումներ կատարելով նույն որոշման մեջ, գործադիրը Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացվելիք տարածական կազմակերպման միջոցառումների և ջրածածկման և (կամ) ողողման ենթակա տարածքներում եղած օրինական կառույցներն ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումների կիրառմամբ պահպանելու հնարավորության վերաբերյալ առաջարկների և Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի մշակման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրել է 30,000.0 հազար դրամ։
Իր նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկին որոշումներից մեկում, որով պարզեցվում է «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով ապրանքների տեղափոխման ընթացակարգը և հսկողությունն իրականացվում է հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգի միջոցով։
Կառավարությունը հավանություն է տվել Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրին և հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերին։ Դրանք վերաբերում են Արշակունյաց պողոտա – Արտաշատի խճուղի, Շիրակի փողոց – Արգավանդ, Դավթաշենի կամուրջ – Աշտարակի խճուղի ճանապարհային հանգույցներին։ Ծրագրի ազդեցության գոտում ներառված տարածքներում փոխհատուցման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2010թ. հոկտեմբերի 1-ը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար է։ Լրացուցիչ գումարներ պետք է ներգրավի նաև Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես այս, այնպես էլ Երևանում իրականացվող մի քանի այլ ծրագրեր ունեն համապետական նշանակություն։ Մասնավորապես, քաղաքը շրջանցող արդիական ճանապարհների շինարարությանը առաջիկա յոթ տարում հատկացվելու է 300 մլն ԱՄՆ դոլար։ Գործադիրը հավանություն է տվել նաև Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակներ» և «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակներ» զեկույցներին։
Նկատի առնելով ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական և հաղորդակցման համակարգերում, այդ թվում` էլեկտրոնային պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության ժամանակ Յունիկոդ համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունը, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային «Գրապալատ» և «Մարիամ» տառատեսակները։ Սահմանվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և անարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում։
Իր երկու որոշմամբ կառավարությունը 9195,7 հազար դրամ է հատկացրել «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու և 7.300.0 հազար դրամ` «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներին ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով։

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply