Նրբագեղ պարզություն` համակցված ռետրոյի հետ. սեզոնի նորաձևության գլխավոր միտումը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 24, 2010 11:27

Ստեղծել ուրու՞յն ոճ, թե՞ ենթարկվել նորաձևության պահանջներին, սա հարց է, որը մտահոգում է շատ կանանց, հատկապես երբ «նորաձևության հետևից ընկնելն» այնքան էլ էժան չի նստում:

Լավագույն տարբերակն, իհարկե, սեփական ոճի կերտումն է, իսկ նորաձևությունը կարող է ընդամենը լրացուցիչ շունչ հաղորդել: Ընտրությունը ձերն է. ամեն դեպքում, մենք ներկայացնում ենք աշնանային նորաձևության գլխավոր միտումները` փորձելով օգնել ձեզ արագ կողմնորոշվելու այդ հորձանուտում և ժամանակ խնայել գնումներ կատարելիս:

Միանգամից նշենք, որ այս սեզոնին նորաձևության մեջ իշխում են կանացիությունը, հեզությունը, նրբագեղությունը և ռետրո ոճի որոշ տարրեր:

Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս շատ նորաձև են մորթին ու փայլուն կաշին: Ամառային վառ գույներին փոխարինելու է եկել պահպանողական բեժը:

Մեղմ երանգներ, պարզ գծեր, արիստտոկրատ կեցվածք. ահա թե ինչի վրա են շեշտը դրել նորաձևության հայտնի դիզայներները:

Մորթի և կաշի

Հատկապես փարթամ մորթին հաղթարշավի մեջ է` բնական կամ արհեստական դրսևորումներով, բազմագույն և դասական երանգներով: Իրենց հավաքածուներում գլամուրային մորթիներ են ներկայացրել Gucci-ն, Versace-ն, D&G-ն և այլ եվրոպական նորաձևության այլ առաջատարներ:

Մորթու հետ միասին առաջատար դիրքերում է նաև փայլուն կաշին. ընդ որում, կաշին հանդես չի գալիս միայն որպես արտաքին հագուստի տարր, այլ նաև երեկոյան հագուստի լիարժեք բաղկացուցիչ մաս:

Ռետրո ոճ

Այս սեզոնին ռետրո ոճին առաջին անգամ անդրադարձավ Miuccia Prada-ն` ցուցադրության ժամանակ տարածելով 1960-ակաների շունչը: Մարմնեղ մոդելներ` սեղմված կիսաբրդյա կոստյումների մեջ և ընդգծած կրծքով, բրդյա զգեստներ` լայն դեկոլտեով և այլն:

Նմանատիպ կիսաշրջազգեստներ և բրդյա զգեստներ կարող եք գտնել H&M-ի և ի հավաքածուներում:Zara-

Պարզ և նրբագեղ

«Թանկագին պարզություն»` այսպես է կոչել իր վերջին հավաքածուն բրիտանացի դիզայներ Stella McCartney-ն, որով էլ սկզբնավորվեց սեզոնի առաջատար միտումներից մեկը:

Որքան պարզ, այնքան թանկ և դրա հետ մեկտեղ` նորաձև: Եթե դա սպիտակ վերնաշապիկ է, ապա անպայման պետք է լինի օսլայած և լավ արդուկած-նստացրած թևքերով ու օձիքով: Եթե սև տաբատ է, ապա պետք է լինի իդեալական ուղիղ և կազմվածքի առավելություններն ընդգծող:

Մինիմալիզմ` ներդաշնակորեն համակցված թանկարժեք կտորի հետ, սակայն այնպես, որ անզեն աչքով նկատելի լինի. ահա 2010-ի աշնան ոճային կերպարի բաղադրատոմսը:

Խոշոր գործվածք

Տաք, գործած զգեստ կամ երկյակ (двойка)` բլուզով և շրջազգեստով: Այդպիսի զգեստներ նախկինում կտեսնեիք միայն հիսնամյա հնաոճ կանանց զգեստապահարաններում, սակայն այսօր, ավելի, քան երբևէ, գործած զգեստներն արդիական են երիտասարդ կանանց շրջանում:

Գործած զգեստները նաև ձմեռվա ցրտից պաշտպանվելու հիանալի միջոց են: Բացի այդ, այն պարունակում է նաև ռետրոյի տարրեր, ինչն այս սեզոնի գլխավոր միտումներից է:

Վոդոլազկա

Շատ նորաձև միտում է, հատկապես, երբ խոսքը գնում է գործած վոդոլազկաների մասին: Հին և բարի վոդոլազկաները շատ հարմար են ոչ միայն առօրյայում, այլ նաև գործնական հանդիպումների ժամանակ` ուղիղ, գրասենյակային տաբատի հետ, իսկ հասարակ կոստյումին դրանք հիանալի շունչ են հաղորդում:

Նորաձև գույն` բեժ

Ժամանակն է, որ գունային հարուստ ներկապնակ նախընրողները համակերպվեն այն փաստի հետ, որ առաջիկա մի քանի ամիսներին իշխելու է բեժ գույնը: Չեզոք բեժը խորհրդանշում է արիստոկրատիզմ ու նրբագեղություն: Բեժագույն են ոչ միայն կիսաբրդյա կիսավերարկուներն ու վերարկուները, կարճ, կիպ կոստյումներն ու վոդոլազկաները, բրդյա զգեստները ու շրջազգեստները, այլ նաև երեկոյան հանդերձանքը:

Բեժ գույը լայնորեն կիրառել են Alexander Wang-ը, Hermes-ը, Gucci-ն, Stella McCartney-ն, Chloe-ն, Celine-ը, Ferre-ն և ուրիշներ:

Մինչև կրունկի ծայրը

Երկար, ուղղաձիգ ուրվագիծ` սեզոնի ամենանորաձև միտումներից մեկը: Եթե տաբատ, ապա մինչև կրունկները հասնող, եթե զգեստ, ապա է՛լ ավելի երկար: Ազնվաբարո երկարությունը գրավիչ է ինչպես ամենօրյա կոստյումի, այնպես էլ նրբագեղ երեկոյան հագուստի դեպքում: Երկարությունը դարձել է շատ դիզայներների հավաքածուների կարևորագույն բաղկացուցիչ մասը:

Խստաոճ պայուսակներ

Կանացի գլխավոր աքսեսուարն այս սեզոնին չի հանդուրժում ավելորդություններ: Ի տարբերություն նախորդ սեզոնների, որտեղ ողջունելի էր ամեն տեսակ հավելում` արհեստական խոշոր քարեր, կտորներ և այլն, այս սեզոնին նորաձև են խիստ ոճի պայուսակները: Սակայն դրանք ևս շատ գրավիչ են ու կանացի:

Ժանյակներ

Արդեն երեք սեզոն է,ինչ նորաձևությունից դուրս չեն գալիս ժանյակները: Կիսաթափանցիկ ժանյակները զարդարում են այնպիսի հայտնի դիզայներիների զգեստներն, ինչպիսիք են Aquascutum-ը,Valentino-ն, Alexander Wang-ը, Yves Saint Laurent-ը, Dolce&Gabbana-ն, Emilio Pucci-ն: Այնպես որ եթե դուք ժանյակների սիրահար եք, ապա մի բաժանվեք դրանցից:

Հետևե՛ք նորաձևության միտումներին, սակայն մի դարձեք դրանց գերին:

Եղե՛ք յուրօրինակ և թելադրեք ձե՛ր ոճը:

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply