Աչքի հիվանդություններից Հայաստանում գերակշռում է կատարակտը

ԱՌՈՂՋԱԿԱՆ | | May 25, 2009 16:19

dscn1536-1«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը(ՀԱՆ), որն անվճար ակնաբուժական ծառայություններ, բժշկական ուսուցում և վերապատրաստում է իրականացնում Հայաստանում, մայիսի 25- 31-ը հյուրընկալվելու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: 1993թ. ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի նախաձեռնությամբ ստեղծված ՀԱՆ-ը այսկերպ փորձելու է ավելի հանրայնացնել ծրագրերը և դրանց իրականացմանն ուղղված դրամահավաք կազմակերպել:

ՀԱՆ-ի` 2003թ. ստեղծված «Լույս հայի աչքերին» ծրագիրն անվճար բուժօգնություն է տրամադրում` խորհրդատվություն, զննում, ախտորոշում, անհրաժեշտության դեպքում`վիրահատություն, ակնոցների տրամադրում: Ախտորոշումից հետո տրամադրվող բուժօգնությունը, որն ապահովում են Մալայանի անվան ակնաբուժական և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնների մասնագետները, կարող են ստանալ միայն սոցիալապես անապահով մարդիկ:

Ըստ ՀԱՆ հանրային կապերի և կրթության համակարգող Տաթևիկ Ավետիսյանի ` 2003- 2008 թթ. հետազոտվել է 223.730 մարդ, որոնցից 9.048 մարդ վիրահատվել կամ ստացել է լազերային բուժում, տրամադրվել է 20.360 ակնոց:

ՀԱՆ-ի ժամանակակից սարքավորումներով հագեցած շարժական հիվանդանոցն այցելում է Հայաստանի մարզեր և տեղում իրականացնում բուժօգնություն: 2008թ. ՀԱՆ-ը եղել է Արմավիրում, Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, ինպես նաև Երևանի Աջափնյակ ու Արաբկիր համայնքներում: Այդ ընթացքում զննվել է 38.000 մարդ, որոնցից 1.080-ը վիրահատվել է, տրամադրվել է 6000 ակնոց:

Ընթացիկ տարում ՀԱՆ-ը եղել է Երևանի Ավան համայնքում, այցելել է Կոտայքի մարզ: Բուժօգնություն է ստացել ավելի քան 6000 մարդ, որոնցից 250-ը վիրահատվել են, տրամադրվել է 1.350 ակնոց:

Ըստ Ավետիսյանի` հիվանդների մեծ մասի մոտ ( 32,6 տոկոս) գերիշխում է կատարակտ կոչվող հիվանդությունը, հաջորդը ակնահատակի տարբեր հիվանդություններն են (17 տոկոս):

Այժմ նախագիծն աշխատում է Տավուշում: 2009-ի ընթացքում ՀԱՆ-ը ծրագրել է այցելել Լոռի և Շիրակ:

Դիտվել է 2114 անգամ:
Print Friendly

Leave a Reply