Օբամային խնդրել են Ալիեւի հետ քննարկել խոսքի ազատության իրավիճակն Ադրբեջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2010 10:19

Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հնարավոր հանդիպման կապակցությամբ նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը: Նամակում ասվում է, որ նախագահ Օբամայի՝ Դանիել Փիրլի պատվին ստորագրած մամուլի մասին օրենքը շրջադարձային կետ է դարձել աշխարհում մամուլի ազատության համար: «Խոսքի եւ արտահայտման ազատության բնագավառում անթույլատրելի իրավիճակը հատկապես կարեւոր է Ադրբեջանի համար: 2005 թ-ին լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության հետ միասին Ադրբեջանում չեն բացահայտվել լրագրողների դեմ ֆիզիկական եւ հոգեբանական հետապնդման փաստերից ոչ մեկը», -ասվում է նամակում:

Նամակում հայտնվում է, որ երկրի հեռուստաալիքները գտնվում են իշխանության վերահսկողության տակ, եւ որ նոր էլեկտրոնային ԶԼՄ-ների արտոնագրման գործում էլ սահմանափակումներ կան: «Ադրբեջանում իրավիճակը տխուր է նաեւ ռադիոյի բնագավառում: 2009 թ-ի հունվարին իշխանությունն արգելել է տեղական հաճախականություններով «Ամերիկայի ձայն», «Ազատություն» եւ BBC-ի նման արեւմտյան ռադիոկայանների հեռարձակումները: Զրպարտության համար քրեական պատասխանատվությունը պահպանվելու հետ, պետական մարմինները շարունակում են դատական գործեր հարուցել լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ», -գրում է ինստիտուտը:

Նամակում հատուկ ուշադրություն է հրավիրվում «Միջազգային Ամնեստիա»-ի կողմից խղճի բանտարկյալ հայտարարված դատապարտյալ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւի եւ բլոգերներ Էմին Միլլիի ու Ադնան Հաջիզադեի գործերի վրա: Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը խնդրել է Օբամային բարձրացված հարցերն անպայման քննարկել Ալիեւի հետ, օգնել Ֆաթուլլաեւին եւ բլոգերներին բանտից ազատելու, Էլմար Հուսեյնովի ոճրագրոծներին պատժելու եւ ինտերնետի նկատմամբ իշխանության վերահսկողությունը վերացնելու իրենց գործերին:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply