Սահակաշվիլին հայտարարել է, որ Մեդվեդևի այցը Ցխինվալ պատասխան էր «Նաբուկո» նախագծի ստորագրմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2009 15:46

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկուշաբթի Անկարայում լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Ցխինվալ այցը պատասխան էր «Նաբուկո» նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը:

«Փաստորեն դա պատասխան է «Նաբուկո» նախագծի նվիրված գագաթնաժողովին, որը Ռուսաստանը դիտում է որպես իր դիվանագիտության կրախ, և պատասխանը Օբամայի այցին, որի ընթացքում Ռուսաստանը և նրա ղեկավարությունը գիտակցեցին, որ իրենք իրապես չեն կարողանա նոր ագրեսիա իրականացնել Վրաստանի դեմ, որ համաշխարհային հանրությանը նման հնարավորություն չի տա»,- ասել է Սահակաշվիլին: Նրա  խոսքով` «Մեդվեդևի այցը Ցխինվալ ռուսաստանյան դիվանագիտության պատմության մեջ կմտնի որպես ամենաանբարո ու ամոթալի նախադեպ»:

Միաժամանակ  Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեին հանձնարարել է հատուկ հայտարարության տեքստ պատրաստել  ՌԴ-ի նախագահի այցի կապակցությամբ:

«Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի անունից այդ հայտարարությունը կուղարկվի Վրաստանի բարեկամ երկրների խորհրդարաններին»,-hայտարարել է Բաքրաձեն` խորհրդարանի բյուրոյի երկուշաբթի օրվա նիստում: «Ռուսաստանի նախագահի ցուցադրական այցը Ցխինվալ Վրաստանի ու նրա պետականության դեմ կատարված քայլ է»,-նշել է նա:

Երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հարավային Օսիա Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրացման հարցերի պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին  սադրիչ Էր համարել:

Ցխինվալի իշխանություններն ու բնակչությունը հանդիսավոր դիմավորում Էին կազմակերպել ՌԴ նախագահի վարչակազմի շենքի մոտ: Սա Ռուսաստանի պետության ղեկավարի առաջին այցն Էր  Հարավային Օսիայի Հանրապետություն, որի անկախությունը Մոսկվան ճանաչեց 2008 թ.:

Ըստ տեղական սովորույթի` Մեդվեդևին մատուցել էին փայտե թասով գինի, խորոված և օսական կարկանդակ:

«Նաբուկո» նախագիծը կարևոր է Թուրքիայի և Վրաստանի` որպես տարանցիկ երկրների  համար. այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան լրագրողներին հայտարարել էր հենց Անկարայում:

Թուրքիայի, Ավստրիայի և Հունգարիայի կառավարությունների ղեկավարները և Բուլղարիայի ու Ռումինիայի էներգետիկական ընկերությունների ղեկավարները Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 7.9 մլրդ դոլլար արժողությամբ «Նաբուկո» նախագծի մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրեցին երեկ: Այն նախատեսում է բնական գազի տեղափոխում Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Հունգարիայով, Ռումինիայով, Ավստրիայով` դեպի Եվրոպա:

«Նախագիծը նշանակալի է Վրաստանի և Թուրքիայի համար: Այն ուժեղացնում է երկու երկրների ռազմավարական կարևորությունը: Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարումը նշանակում է, որ Եվրոպան էներգիայի այլընտրական աղբյուր կստանա»,- ասել է Բրայզան` շեշտելով, որ նախագծի իրացումից հետո Վրաստանը և Թուրքիան  «գազի երաշխավորված պաշարներ կունենան»:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին Սոչիում զինվորական նավաստիների հետ երկուշաբթի կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Հարավային Օսիայում 2008 թ.  իրադարձությունների համար պատասխանատուն «Սահակաշվիլիի ռեժիմն Է»: «Տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատվությունն ընկած է այդ ռեժիմի վրա,-ընդգծել է նա,-Երբևիցե վրաց ժողովուրդը դատավճիռ կկայացնի Սահակաշվիլիի ռեժիմին, նրանց, ովքեր մասնակցել են արյունալի գործողություններին»:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply