«Հայաստանը Ղարաբաղի հարցում «Չարի վերջ»-ի կկվի քաղաքականություն է վարում»-ասում են հայ բլոգերները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 14, 2009 14:14

«Նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթեր ստորագրելուց».-ասված է մի խումբ հայ բլոգերների տարածած համատեղ հայտարարությունում, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:

Բլոգերները համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունից հետո, երբ վերջիններս կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին Արցախի հարցը կարգավորել ըստ 2007-ին ընդունած Մադրիդյան սկզբունքների (այս սկզբունքների համաձայն՝ Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որը կընդգրկի ԼՂԻՄ փաստացի տարածքը, միմյանց հետ կապ կունենան «միջանցքի» միջոցով):

Բլոգերների մոտ զայրույթ է առաջացրել այն, որ արտգործնախարար Նալբանդյանը ողջունել է Մինսկի խմբի համանախագահող երկրների հակահայկական հայտարարությունը:

Բլոգեր Հայկ Բալանյանն ասում է, որ ազատագրված 5 շրջանները հանձնելու դեպքում հայ-ադրբեջանական շփման գիծը կմեծանա 3 անգամ, հետևաբար անհրաժեշտ կլինի 3 անգամ մեծ բանակ և նույնքան էլ ավել ծախսեր, ինչին Հայաստանը պատրաստ չէ:

«Ազատագրված տարածքները Ադրբեջանին տալու դեպքում զանգվածային արտագաղթ կլինի և’ Արցախից, և’ Սյունիքից, այս տարածքները հայաթափ կլինեն»,- ահազանգում է բլոգերը:

Բերձորի բնակիչ, բլոգեր Վարուժան Գեղամյանն ասում է, որ ազատագրված տարածքներում էլ մարդիկ՝ հայեր են ապրում, ամեն օր աշխատանքի գնում, հող մշակում և ապրուստ վաստակում, սակայն լրատվամիջոցները կարծես անտեսում են այդ մարդկանց, «անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվող քարտեզներում այդ տարածքները չկան, կարծես գոյություն էլ չունեն: Իրենց հայրենիքում ապրող մարդկանց պիտի ստիպե՞նք, որ ադրբեջանցիների հետ ապրեն»:

Բալանյանն ասում է, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախի հարցը կարգավորելու դեպքում կվտանգվի նաև Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային կապը, օրինակ՝ Երևան-Գորիս-Կապան ճանապարհի Քարահունջ-Որոտան հատվածն անցնում է Ղարաբաղի տարածքով, որը, ըստ Մադրիդյան համաձայնագրի, պետք է անցնի Ադրբեջանին:

Բլոգերները կարևորում են  հուլիսի 17-ին Մոսկվայում կայանալիք Ալիևի և Սարգսյանի հանդիպումը` նշելով, որ դրանից է կախված Ղարաբաղի և ողջ հայության հետագա ճակատագիրը:

«Ադրբեջանը հաստատ պատերազմ կսկսի ազատագրված տարածքներից հայկական զորքերի նահանջի դեպքում: Երկիրը, որ չընդունեց Ղարաբաղի անկախությունը, երբ Հայաստանը հզոր է, հաստատ չի ընդունի այն Հայաստանի թուլացումից հետո»,- ասում է Բալանյանը:

Բլոգերները նաև վտանգավոր են համարում, որ Մադրիդյան սկզբունքին հետևելու դեպքում ադրբեջանցի` այսպես կոչված փախստականները պետք է հաստատվեն իրենց նախկին բնակության վայրերում: Բացի այդ, տարածքում պետք է հաստատվեն խաղաղապահ ուժեր: «1990-ի սկզբին էլ Ղարաբաղում ռուսական Օմոնը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում,- ասում է Բալանյանը,- Նույնպիսին կլինի և այս խաղաղապահ առաքելությունը»:

«Անթույլատրելի է հայրենիքը սակարկության առարկա դարձնելը»,-ասում է Բալանյանը` Հայաստանի այսօրվա քաքականությունը համեմատելով «Չարի վերջը» առակի հերոս կկվի քաղաքականության հետ. ձագերին աղվեսին տալով` բնի կարգավիճակը չի լուծվում:

Դիտվել է 1738 անգամ:
Print Friendly

Leave a Reply