Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի վերաբերյալ քննարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2010 0:17

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադը, սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, չի վերընտրվել: Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածուի վերընտրվելու համար, անհրաժեշտ է, որպեսզի իր ընտրատարածքից ընտրված իր կուսակիցներից առնվազն երկուսը հրաժարվեն: Առաջիկայում կհրապարակվելիք վերջնական արդյունքներից հետո պարզ կդառնա, թե արդյոք Գ.Լինդբլադը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը Շվեդիայի խորհրդարանում եւ ԵԽԽՎում, թե` ոչ: Նրա չվերընտրվելու դեպքում ԵԽԽՎում կառաջանա Հայաստանի հարցով նոր համազեկուցողի նշանակման անհրաժեշտություն:

Հոկտեմբերի 5-ին կայանալիք ԵԽԽՎի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում նախատեսված է Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած բանաձևերի կատարման ընթացքի քննարկումը, որին, արտախորհրդարանական ընդդիմության տեսակետը ներկայացնելու համար, հրավիրված է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

Ինչպես հայտնեց ԵԽԽՎում հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Վեհաժողովի կանոնադրության համաձայն, քանի դեռ չի ձևավորվել անդամ երկրի նոր պատվիրակություն, նախորդ պատվիրակության անդամը կարող է իր գործունեությունը շարունակել: ՙՃանաչելով Լինդբլադին և հստակ տեղյակ լինելով իր մոտիվացիաներին, ես վստահ եմ, որ հոկտեմբերի 5-ին պարոն Լինդբլադն անպայմանորեն կլինի Ստրասբուրգում` ՙիր գործն՚ ավարտին հասցնելու համար՚,-ասաց նա:

Ըստ Ն.Զոհրաբյանի, եթե անգամ Գ.Լինդբլադը չմասնակցի այդ նիստին, կա երկրորդ համազեկուցող` բրիտանացի պատգամավոր Ջոն Պրեսկոտը, ուստի քիչ հավանական է, որ քննարկումը չլինի: Նա հայտնեց նաև, որ Վեհաժողովում հայկական պատվիրակությունը, հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված աշխատանքային քննարկման ժամանակ, կհստակեցնի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին իր մասնակցության ձևաչափը, ներկայացվելիք տեղեկատվությունը, նաև հոկտեմբերի 4-ից 8-ը գումարվելիք ԵԽԽՎի աշնանային նստաշրջանի օրակարգային հարցերի կապակցությամբ պատվիրակության դիրքորոշումները:

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության առանձին անդամներ վերջին շրջանում բազմիցս հրապարակավ իրենց մտահոգություններն են հայտնել Լինդբլադի անաչառության վերաբերյալ: Մասնավորապես, ըստ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ՙայսպիսի պահվածքը ոչ միայն նսեմացնում է մոնիտորինգի գործընթացի էությունը, այլ նաև սպառնում է ԵԽԽՎի և Հայաստանի միջև առկա համագործակցության լուրջ ճգնաժամով՚: Իսկ պատվիրակության ԲՀԿական անդամ Ն.Զոհրաբյանն էլ համոզմունք էր հայտնել, որ, ցավոք սրտի, ԵԽԽՎի կանոնակարգը համազեկուցողին անվստահություն հայտնելու հնարավորություն չի ընձեռնում, այլապես, իր գնահատմամբ, պետք էր և իրապես նպատակահարմար կլիներ Գորան Լինդբլադին հայտնել անվստահություն, քանի որ Շվեդիայի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նրա հայտնած բազմաթիվ պաշտոնական տեսակետները` Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, հստակ ապացուցեցին այն, ինչի մասին խոսվել է բազմիցս. ՙայդ գործիչը չի կարող անաչառ լինել Հայաստանի հարցում՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply